Մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից 3 շաբաթ առաջ ահազանգում են՝ առաջարկվող նախագիծը չի համապատասխանում Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների լավ պրակտիկայի մասին կանոնագրքի» պահանջներին։
Բացի այդ, նախագիծը, գործող օրենսգրքի հետ համեմատած, «որևէ կետով» առաջընթաց չի ապահովում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանն ասում է՝ «Մենք առանձնապես գոհ լինելու առիթ չունենք, ցավոք սրտի: Այս օրենսգրքում, ըստ էության, չկա գրեթե ոչինչ, ինչն ավելի լավ կլիներ, քան գործող օրենսգրքում: Փոխարենը կան բազմաթիվ նահանջներ»:
«Թրանսփարենսի Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնը գործընկեր կազմակերպությունների հետ արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ կարծիք է հրապարակել։ Վերջին շաբաթներին ծավալված 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ «իշխանությունների անզիջում դիրքորոշման պատճառով էական արդյունք չգրանցվեց», գրված է 10 կազմակերպությունների համատեղ կարծիքում։
«Նախ՝ բանակցությունները բանակցություններ չէին, դա նույնիսկ քննարկում դժվար է կոչել, դա ավելի շատ վերածվեց հարցուպատասխանի: Երբ մենք առաջարկ էինք ներկայացնում, իշխանության ներկայացուցիչները, հիմնականում մի հոգու միջոցով, ասում էին՝ համաձայն չեմ, չեմ ընդունում»,- ասում է քննարկումներին մասնակցած՝ «Թրանսփարենսի Հայաստան»-ի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:
Նրա խոսքով, ոչինչ չարվեց ընտրողների ռեգիստրը ավելի արժանահավատ դարձնելու համար, իսկ ստորագրված ցուցակների հրապարակման պահանջին ի պատասխան, ընդամենն առաջարկվեց էլեկտրոնային գրանցման համակարգ, որով, առահասարակ, կարող է վերացվել ընտրողների կողմից ընտրացուցակներում ստորագրելու պահանջը:
«Այսինքն, իրենք պարզապես վերացնում են էդ ստորագրությունների հնարավորությունը, և մենք այլևս հնարավորություն չենք ունենալու վերհանել էդ խնդիրները՝ ուրիշի փոխարեն քվեարկության մասնակցելը․․․ պարզապես, հնարավորինս սեղմել են, փոքրացրել են տեսանելի, ստուգելի գործիքները, որը մենք օգտագործում էինք դիտարկման համար»,- շարունակում է Այվազյանը:
ՀԿ-ների՝ մոտ 10-էջանոց կարծիքում նաև արձանագրված է՝ նոր փաստաթղթով դիտորդները, լրագրողները և վստահված անձինք շատ ավելի խոցելի կդառնան. ընտրական հանձնաժողովի նախագահը նրանց կարող է հեռացնել քվեարկության սենյակից հանձնաժողովականների 2/3-ի համաձայնությամբ։ «Սա հանձնաժողովներին տրված անվերահսկելի լիազորություն է»,- պնդում է Սոնա Այվազյանն ու շարունակում՝ «Անցանկալի անձանց, որոնք վկա են այդ անօրինականություններին, միշտ կարելի է 2/3-ով պարզապես դուրս հանել տեղամասից: Հատուկ ներդրված են այնպիսի սահմանափակումներ, որ հնարավորինս կրճատեն հանրային վերահսկողությունը»:
Հաջորդ էական հետընթացը փորձագետները համարում են տարածքային ցուցակները։ «Ինչ են փորձում անել իշխանությունները ռեյտինգային ցուցակներ ներմուծելով՝ այնպես անել, որ մարդիկ այս ընտրություններին վերաբերվեն որպես թաղային հեղինակությունների ինչ-որ կոնկուրենցիայի և թե՛ ընտրակաշառք վերցնեն, թե՛ վերաբերմունքն այլ լինի:
Սովորական համամասնական ընտրակարգին Հայաստանում ընտրողները վերաբերվում էին շատ ավելի մեծ պատասխանատվությամբ և լրջությամբ: Այդ լրջությունն է իշխանությունների համար խնդիր, և էդ լրջությունն ուզում են պակասեցնել»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը:
Թեև օրենսգրքի վերջնական ընդունմանը մնացել է ընդամենը 3 շաբաթ, այնուամենայնիվ, կազմակերպությունները դեռ հույս ունեն, որ նախագիծը էականորեն կփոփոխվի, քանի որ դրանում «անտեսվել են միջազգային կազմակերպությունների՝ մինչ օրս ներկայացրած պահանջները»: