ԼՂ ՊՆ. Գիշերը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է 

Սակայն, երեկ ողջ օրվա ընթացքում, ըստ ԼՂ ՊՆ-ի, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել հատկապես Թալիշ-Մարտակերտ ուղղությամբ։

Ըստ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի, Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը հիմնականում պահպանվել է։

Չնայած կրակը դադարեցնելու մասին երկկողմանի պայմանավորվածությանը, երեկ ողջ օրվա ընթացքում, ըստ Ղարաբաղի ռազմական գերատեսչության, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել, Թալիշ-Մարտակերտ ուղղությամբ նույնիսկ տանկ է կիրառել, թեև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ կողմերի միջև կրակի դադարեցման պայմանավորվածության ձեռքբերումից հետո ճակատի գծում բոլոր ռազմական գործողությունները դադարեցվել են:

Լեռնային Ղարաբաղի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ հայտարարեց, որ թեժ մարտերը դադարեցվել են երկկողմ բանակցությունների արդյունքում։ Իսկ թե ովքեր են բանակցել՝ Ղարաբաղի նախագահի խոսնակը չմանրամասնեց։

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Ստեփանակերտում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա երեկ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հանցագործություններ է կատարել, և իրենք փորձելու են հարցը բարձրացնել միջազգային տարբեր ատյաններում։

Թեժ բախումների հենց առաջին օրը, դպրոց գնալու ճանապարհին հրետակոծությունից սպանվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, իսկ նրա երկու ընկերները վիրավորվել էին։ Համաձայն պաշտոնական Երևանի, Թալիշ գյուղում ադրբեջանական զինծառայողները գնդակահարել էին երեք տարեց բնակչի։ Երկուշաբթի երեկոյան էլ Լեռնային Ղարաբաղի հյուսիսում ադրբեջանական անօդաչու թռչող սարքից քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուսի պայթյունից զոհվեց 7 մարդ։

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության երեկվա տվյալների, ապրիլի 1-ից շփման գծում սկսված բախումների հետևանքով հայկական կողմը կորցրել է 29 զինծառայող, վիրավորվել է 101-ը: 28 զինծառայող անհետ կորած է համարվում: Հայկական կողմը կորցրել է նաև 14 տանկ: