Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են, հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ երկու կողմից էլ զոհեր կան: Զոհերի թվի մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա:
«Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր»,- հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:
ԼՂ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
Հաղորդվում է, որ մարտական գործողություները շարունակվում են: Առավոտյան ԼՂ պաշտպանության բանակը հայտնել էր, որ հակաօդային ուժերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս տեղեկատվությունը՝ պնդելով, թե հայկական կողմն է խախտել հրադադարը ռազմաճակատի գծի ողջ երկայնքով` օգտագործելով 82 և 120մմ տրամաչափի ականանետներ և խոշոր տրամաչափի գնդացիրներ:
Իր հերթին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդատվության նպատակով:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների: Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»,- հայտարարում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար:
Տեղի ունեցածին արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ով «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է․- «Բաքուն ուժգնացնում է լարվածությունը՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության սաստկացող քննադատության ֆոնին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների խախտումների և ԼՂ հարցում որդեգրած ապակառուցողական դիրքորոշման հետ»:
Ռուսաստանի արտգործնախարարությունն ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ «Արմենպրես»-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: