Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու երեխաների՝ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է։
«Առկա է արտահայտված դրական դինամիկա, բարելավվել են նաև հեմոդինամիկ ցուցանիշները, դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է, կոնտակտն` ադեկվատ, ստանում են վերականգնողական շարունակական բուժում», - ասված է հաղորդագրությունում:
Երեխաները վիրավորվել են երեկ ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով։
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 վիրավոր:
«Զավեն Ավանեսյանը և Կամո Աբրահամյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Իսկ Ծովինար Աղաջանյանը և Գարեգին Աղաջանյանը իրենց բուժումը շարունակում են վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն են գնահատում», - ասված է հաղորդագրությունում։