Վենետիկի հանձնաժողովը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ, վերահաստատել իր դիրքորոշումը, որ քվեարկած անձանց ցուցակները չպետք է հրապարակվեն:
«Շատ հաճախ ասում են, որ դա վաղուց է եղել, այդ տեսակետը վաղուց են հայտնել․․․ այդպես չի եղել: Ընդամենը օրեր առաջ կրկին հավաստվել է այդ տեսակետը: Վենետիկի հանձնաժողովը ունի Հանուն ժողովրդավար ընտրությունների խորհուրդ, որը 2016 թվականի մարտի 10-ին հերթական անգամ անդրադառնալով նաև քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը՝ հետևյալ պնդումն է արել։ Ես բառացի եմ ուզում մեջբերել, որ «խորհուրդը, քննարկելով քվեարկած անձանց ցուցակների հրապարակման հարցը, հանգել է այն եզրակացության, որ դրանք չպետք է հրապարակվեն»:
Իշխանության միասնական հինգ պահանջներ ներկայացրած ընդդիմադիրներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քվեարկած քաղաքացիների ցուցակների չհրապարակումը համարում են ընտրակեղծարարության գլխավոր գործիքներից մեկը: Սպասվում է, որ իշխանության հետ 4+4+4 ձևաչափով հանդիպմանը բարձրացվելու է նաև այդ հարցը:
Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Արդարադատության նախարարի հայտարարությունը որակում է այսօրվա քննարկումից առաջ բանեցված հնարք․ - «Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները չունեն պառավելու, ծերանալու, հնանալու հատկություն: Դրանք կան ուղիղ այնքան ժամանակ, քանի դեռ այլ որոշում չի ընդունվում: Ըստ երևույթին, իշխանությունները փորձում են ուժեղացնել իրենց դիրքերը՝ օգտագործելով միգուցե ինչ-որ ներքին աշխատանքային փաստաթուղթ, որը հղում է կատարում 2002 թվականի որոշմանը: Բայց ներկայացնել դա որպես վերահաստատում, բնականաբար, համարում եմ անտեղի և կարծում եմ, որ բանակցություններից առաջ պետք չէ կառչել նման թույլ փաստարկներից»:
Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, Ընտրական օրենսգրքի նախագծով դիտորդներին ու վստահված անձանց տրված իրավունքը՝ ծանոթանալ քվեարկած անձանց ցուցակներին, քայլ առաջ է․ - «Ինչի՞ համար ենք մենք ուզում այդ ցուցակներին ծանոթանալ: Որ համեմատենք, ճի՞շտ է․․․ Յուրաքանչյուր տեղամասում յուրաքանչյուրն ունի վստահված անձ, ցանկացած դիտորդ․․․ Մենք ավելի առաջ ենք գնացել․ ոչ միայն քաղաքական ուժերին ենք տվել, այլև դիտորդներին ենք այդ իրավունքը տվել: Նույն Վենետիկի հանձնաժողով մեջբերման մեջ ընդամենը նշվում է քաղաքական ուժերի մասին: Մինչդեռ մենք գնացել ենք առաջ ու տվել դիտորդներին նաև»:
Լևոն Զուրաբյանը նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում․ - «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցում՝ հանրաքվեից հետո հրապարակված, ուղիղ տեքստով գրված է, որ միջազգային պրակտիկայում չկա որևէ արգելք, ակմ որևէ պայմանագիր, կամ որևէ իրավական նորմ, որ թույլ չտար ցուցակների հրապարակումը: Ավելին՝ գրված է և բերված են օրինակներ, որ կան դեմոկրատական երկրներ, որտեղ այդ պրակտիկան կիրառվում է: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ըստ էության, քայլ է կատարել ընդդիմության պահանջին ընդառաջ և ինչ-որ իմաստով լեգիտիմացրել է այդ պահանջը՝ ասելով, որ դրա համար որևէ խոչընդոտ գոյություն չունի: Այստեղից նաև բխում է, որ ո՛չ Վենետիկի հանձնաժողովի ընդունած այդ խորհրդատվական կարգը, ո՛չ էլ նրա ենթադրյալ վերահաստատումը որևէ կերպ չեն կարող խոչընդոտ ստեղծել այդ պրակտիկայի կիրառմանը Հայաստանում»:
4+4+4 ձևաչափով փակ քննարկման որոշ հատվածներ երեկ հրապարակել էր «Ա1+»-ը: Հրապարակումը, սակայն, չազդեց գործընթացի վրա, քննարկումները շարունակվեցին, ավելին՝ ընթացան դռնբաց:
Իշխանական պատվիրակներից Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը այսօր ավելի վաղ ասել էր, թե նախորդ հանդիպումը պայնամավորվել էին ձայնագրել «ներքին օգտագործման համար»․ - «Ինձ համար, եթե տղամարդը տղամարդու հետ պայմանավորվում է, շատ ավելի բարձր հետևանք և ուժ ունի, քան թե գրավոր կամ այլ պայմանավորվածությունը»:
Քննարկումներում «Իրավունքի Եվրոպա» միավորումը ներկայացնող Տիգրան Եգորյանը, մինչդեռ, պնդեց, թե ձայնագրությունը չհրապակելու պայմանավորվածություն չի եղել:
«Ազատության» հարցին, թե ով է տրամադրել այդ ձայնագրությունը, Եգորյանը պատասխանեց․ - «Ձայնագրությունը կատարվել է նաև իմ ձայնագրող սարքի միջոցով, որը դրված է եղել սեղանին: Եվ ձայնագրությունը ես տրամադրել եմ մի քանի լրատվամիջոցների։ Ձայնագրել եմ հրապարակելու համար»:
Գալիք շաբաթ մեկնարկող քառօրյա նիստերի ընթացքում Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, չի քննարկի Ընտրական օրենսգրքի նախագիծը: