ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, իշխանությունը շատ լավ հասկանում է, որ չունի ժողովրդի աջակցությունը և նրա ընտրվելու [իշխանության] միակ ձևը կամ իշխանության պահպանելու միակ ձևը, ըստ Զուրաբյանի, ընտրակեղծարարությունն է, որին իշխանությունը պատրաստվում է նաև մյուս ընտրությունների ժամանակ։
Այդուամենայնիվ, Զուրաբյանը «խաղի ելքը» չի համարում լիովին կանխորոշված։ «Սակայն դա չի նշանակում, որ ոչինչ անել հնարավոր չէ, իրականում ստեղծվել է բավականին լուրջ իրավիճակ, միջազգային հանրությունը շատ կոշտ ռեակցիա է ցույց տվել այս կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո և բավականին լուրջ ճնշումներ է գործադրում։ Մեր հանրությունը և ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվել են։ Հիմա տեսեք, եթե հինգ պահանջի շուրջ կա միասնական ճնշում քաղաքացիական հասարակության կողմից, ընդդիմադիր քաղաքական ուժերի, միջազգային հանրության կողմից, այնուամենայնիվ ես խաղի ելքը չեմ համարում լիովին կանխորոշված։ Ստեղծվել է շանս էս խաղը առաջ տանելու», - ասաց ՀԱԿ պատգամավորը։
Այսօր Ազգային ժողովում կմեկնարկեն 4+4+4 ձևաչափով բանակցությունները Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ։ Ձևաչափի առաջարկը ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանինն է։ Զուրաբյանը երեկ հայտարարեց, որ իշխանությունը պատրաստ է գնալ զիջումների, և պետք է օգտվել դրանից։
Բանակցություններից առաջ իշխանությունն արդեն իսկ հայտարարել է, որ 4+4+4-ում չի լինելու քվեարկություններով, կոնսենսուսով ընդունվող որևէ որոշում:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի համոզմամբ, իշխանություններին սկզբունքորեն հնարավոր չէ և անիմաստ է համոզելը, որովհետև, ըստ Դանիելյանի, նրանք [իշխանությունները] գիտեն, թե ինչ են անում և ինչի համար են անում։
«Շատ դժվարին ճանապարհ են անցել, այդ թվում՝ Սահմանադրությունը փոխելու, կառավարման համակարգը փոխելու, և հիմա վերջին կետն է արվում՝ Ընտրական օրենսգիրքը փոխելու, որպեսզի այն ծրագիրը, որի մասին ասել էր պարոն Շարմազանովը, որ մոտակա տասը տարում իշխանության դուռը լինելու է Հանրապետական կուսակցության դռնով՝ Մելիք Ադամյան փողոցով, այստեղ որևէ համոզելու խնդիր չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դանիելյանը։
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահի համոզմամբ, այն հիմնական մեխանիզմները, որոնք թույլ են տալիս իշխանություններին կեղծել ընտրությունները, նրանք [իշխանությունները] չեն պատրաստվում դա փոխել։
«Այնուամենայնիվ նրանք գալիս են այս քննարկմանը, ես ենթադրում եմ, որ դա իրենց համար կարևոր է, որ ընտրություններից մեկ տարի առաջ ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը և այն հարյուր հազարավոր մարդիկ, որ նրանց հետևում կանգնած են, այսօրվանից իմանան, որ ընտրությունները կեղծվելու են։ Ես հայտնում եմ իմ անձնական տեսակետը՝ ֆիքսել, որ գործող իշխանությունը պատրաստվում է մեկ տարի հետո կեղծել ընտրությունները, այսինքն՝ այն հիմնական մեխանիզմները, որ նրանց թույլ է տալիս կեղծել, նրանք չեն պատրաստվում դա փոխել, չունեն հանրային վստահություն և մենք դա պետք է այսօրվանից ֆիքսենք և արդեն մտածենք, թե ինչ ենք անում», - ասաց Դանիելյան։
Հարցազրույցի ամբողջական տարբերամը տե՛ս այստեղ