Հայ ազգային կոնգրեսը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ Սաֆարյանը քաղբանտարկյալ է։
Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, այս գործն ի սկզբանե քաղաքական բնույթ է ունեցել․ - «Իրենց կարծիքով, ուզում են բողոքի ակցիաները հենց սաղմում ճնշել, որպեսզի այլ մարդիկ վախենան, չմիանան նմանատիպ ակցիաների: Բնականաբար, մենք չենք կարող անտարբեր մնալ և պահանջում ենք անմիջապես ազատել Գևորգ Սաֆարյանին: Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է հասկանան, որ սա արդեն դառնում է պրոբլեմ նաև Հայաստանի իմիջի համար»:
Ընդդիմադիր պատգամավորը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու հիմնավորումը անհեթեթ է համարում, և կոչ է անում մյուս քաղաքական ուժերին նույնպես դատապարտել ակտիվիստին ճաղերի հետևում պահելու որոշումը և պահանջել նրա անհապաղ ազատումը:
Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ վաղը վերաքննիչ ատյանում բողոքարկելու է իր պաշտպանյալի կալանքը երկարաձգելու որոշումը՝ հավելելով, որ բոլոր որոշումները բողոքարկել անհրաժեշտ է նաև հետագայում Եվրոպական դատարան դիմելու համար։
Սաֆարյանի կալանավորումը դատապարտող պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») վստահ է, որ այս որոշումները մի օր Հայաստանի դեմ են դուրս գալու, քանի որ, իր համոզմամբ, Եվրոպական դատարանում Սաֆարյանը կհաղթի։ Փոստանջյանի խոսքով՝ կալանավորման համար հիմքեր պարզապես չեն եղել․ - «Եթե չլիներ քաղաքական պատվեր, ապա նույնիսկ միջնորդություն չէր լինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ․․․ սա պարզ, հասարակ գործ է․ կան տեսանյութեր, ամեն ինչը կա, ամեն ինչ ակնհայտ է: Այսինքն նույնիսկ քննությունը պետք չէր, որ երկարաձգվեր շուրջ չորս ամիս»:
Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև կալանքը երկարաձգվել է։ Ուրբաթ օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ևս մեկուկես ամսով երկարաձգեց Սաֆարյանի կալանքը։ Նրա փաստաբանի խոսքով՝ որպես հիմք ներկայացվել է Ամանորի գիշերվա տեսանյութը, որտեղ երևում է հարվածող մի ոտք, և հիմա այդ ոտքի տիրոջը գտնելու համար Գևորգ Սաֆարյանի կալանքը երկարաձգվում է։
ՀԱԿ-ի և «Ժառանգության» մտահոգությունը կիսում է նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը։ Մհեր Շահգելդյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենք դեմ են կալանքի երկարաձգմանը և այս գործում իրավական և քաղաքական միտումներ են տեսնում։
Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները Սաֆարյանի գործը չեն մեկնաբանում՝ պնդելով, որ դա իրավական տիրույթի խնդիր է։