Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանի բողոքը


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Գևորգ Սաֆարյանի բողոքը՝ գրավի դիմաց իրեն ազատ արձակելու վերաբերյալ:

Ընդդիմադիր ակտիվիստի փաստաբան Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ՝ քննիչն ու դատախազը ո՛չ գրավոր առարկություններ էին հայտնել, ո՛չ էլ անգամ ներկայացել դռնփակ նիստին․ - «Դատավորը հիմք չուներ ընդհանրապես մերժելու։ Կարեկցական հայացքով ընթերցում ա, ու հասկանում ես, որ՝ ինքը համաձայն չի, բայց դատական ակտը էսպես ա։ Դատարանները չեն կարողանում իրենց բարձրության վրա գտնվեն և արդար դատական ակտեր կայացնեն»։

Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք, մեկ ամսվա կալանք, կամ էլ՝ առավելագույնը հինգ տարվա ազատազրկում: Ընդդիմադիրն անազատության մեջ է արդեն շուրջ երեք ամիս։

Արդեն առաջիկա օրերին ակտիվիստը պետք է կանգներ դատարանի առջև, սակայն դատախազը գործն ուղարկել է նոր քննության։ Այսպիսով, առնվազն մինչև ապրիլի 1-ը Գևորգ Սաֆարյանը կմնա ճաղերի հետևում։ Փաստաբանի տպավորությամբ, իրավապահները հաջորդ շաբաթ կդիմեն դատարան՝ խափանման միջոցը դարձյալ երկարացնելու միջնորդությամբ։

«Ամենայն հավանականությամբ, դատախազը հասկացել էր, որ այսպիսի կոպիտ խախտումներով հնարավոր չէ մեղադրանքը պաշտպանել դատարանում, հետ է ուղարկել, որպեսզի ավելի հիմնավոր ապացույցներ լինեն։ Հավանաբար նոր վկաներ կհայտնաբերվեն, հավանաբար կգան մարդիկ, ովքեր ոստիկաններ չեն, և կգան ու ցուցմունքներ կտան, որ իրենք այդ օրը եղել են, պատահական տեսել են, թե ինչպես է Գևորգը հարվածել Գեղամ Խաչատրյանին», - նշեց Տիգրան Հայրապետյանը։

Ժիրայր Սեֆիլյանը զարմացած չէր դատարանի այս որոշումից․- «Գևորգի նման համարձակ, ակտիվ երիտասարդին պատժելով ուզում են իր սերնդակիցներին վախեցնել»։

Միաժամանակ, ընդդիմադիր առաջնորդը համոզված է, որ Գևորգը երկար չի մնալու անազատության մեջ, ասում է՝ գործը շինծու է, միջազգային հանրությունն էլ ճնշում է իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG