Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ անազատության մեջ


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

Ըստ Սաֆարյանի պաշտպանի, խափանման միջոցը արդեն վերածվել է պատժի կրման տարրերի։

Վերաքննիչ դատարանը մերժեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։

Դատարանը, հիշեցնենք, երեկ ավարտեց Սաֆարյանի բողոքի քննությունը, վճիռը հրապարակեց այսօր առավոտյան։

Հինգշաբթի օրը դատական նիստին զուգահեռ Վերաքննիչ դատարանի բակում հեթական բողոքի ակցիան էր ի պաշտպանություն Սաֆարյանի։ Ցուցարարները պահանջում էին «խոհեմություն ցուցաբերել, արդար վճիռ կայացնել ու ազատ արձակել» Գևորգ Սաֆարյանին։

Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ Վերաքննիչ դատարանի բակում, 10-ը մարտի, 2016թ.
Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ Վերաքննիչ դատարանի բակում, 10-ը մարտի, 2016թ.

Երեկ դատական նիստից հետո «Ազատության» հարցին, թե Սաֆարյանին կալանքի տակ պահելու հիմքեր կա՞ն, քանի որ նախաքննությունն ավարտվել է, Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը պատասխանեց. - «Նախորդ դատական նիստում, երբ որ [կալանքի ժամկետը] երկարացվում էր, մենք հարց ուղղեցինք, ասացինք՝ «փոխվե՞լ է ինչ-որ բան, որ դուք ներկայացնում եք», որևիցե պատասխան չեղավ։ Հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ պատիժը կարող է լինել տուգանք 300 հազար դրամ կամ կալանք՝ ամենաշատը մեկ ամիս։ Հիմա Գևորգը շարունակում է անազատության մեջ մնալ՝ սա նշանակում է, որ արդեն խափանման միջոցը վեր է ածվել պատժի կրման տարրերի, հիմա որքան շատ մնա անազատության մեջ՝ կալանավորված վիճակում, դատարանները կաշկանդված են լինելու այս հանգամանքով, նրանք փորձելու են ավելի խիստ պատիժ նշանակեն Գևորգին, քանի որ նա արդեն անազատության մեջ է»։

Հայրապետյանը մանրամասնեց, որ եթե անձը, օրինակ, վեց ամիս կալանավորման մեջ է եղել, դատարանը չի կարող նրան եռամսյա ազատազրկման դատապարտել։ «Որովհետև կստացվի, որ այն երեք ամսի համար պետք է պետությունը պատասխա տա, և պետք է փոխհատուցում տրվի։ Այսինքն՝ արդեն մենք մտնում ենք այնպիսի դաշտ, որ արդարադատությունն արդեն, մենք կարող ենք ասել, որ շարունակել կալանավորումը Գևորգի նկատմամբ՝ սա ազդում է արդար դատական ակտ կայացնելու վրա։ Անձին պահել կալանավորված վիճակում՝ սա նշանակում է անձի նկատմամբ արդեն պատիժ նշանակել, կիրառել հենց հիմիկվանից», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց փաստաբանը։

Գևորգ Սաֆարյանը, հիշեցնենք, ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG