Գազի գնի իջեցման շուրջ մոտ չորս ամիս շարունակվող հայ-ռուսական բանակցությունները առայժմ արդյունք չեն տվել՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:
«Շարունակում ենք բանակցությունները: Ես կարծում եմ՝ կիջնի», - նշեց Իսայանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ հունվարին հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, թե դիմել են Ռուսաստանի իշխանություններին գազի գնի նվազեցման առաջարկով: Վարչապետն անգամ վստահություն էր հայտնել՝ «հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը՝ ակնկալում ենք ստանալ հարցի դրական լուծում»:
Շաբաթներն անցնում էին, տեղեկություն չկար: Փետրվարի սկզբին վարչապետը կրկին անդրադարձավ հարցին՝ այս անգամ հորդորելով «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությանը դիմել իր վերադասին՝ «Գազպրոմին», և ներկայացնել հայկական կողմի առաջարկի էությունը՝ եթե գազի գինը իջնի, հանրապետությունում սպառումը կմեծանա և ընկերությունն ավելի մեծ հասույթ կունենա:
Սակայն սա էլ չօգնեց, և այսօր գործադիրի նիստին Իոսիֆ Իսայանը հայտնեց՝ չնայած գազի գնի իջեցման առաջարկով Ռուսաստանի իշխանություններին դիմել էին դեռ 2015թ․ նոյեմբերին, բայց նրա իսկ առաջարկությամբ կառավարությունն այսօր համաձայնություն տվեց մի նախագծի, ըստ որի այս տարվա առաջին եռամսյակում գազի գինը Հայաստանի սահմանին կմնա անփոփոխ՝ հազար խորանարդ մետրի համար 165 դոլար, ինչպես անցած տարի էր:
Վարչապետը նույնպես համաձայնեց նախագծին․ - «Փաստորեն մենք հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը տալիս ենք համաձայնություն կնքելու համաձայնագիրը 165 դոլարով: Եթե չկան դեմ կարծիքներ՝ ապա հաստատենք»:
Գործադիրի նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց՝ նախագահ Սարգսյանի այսօրվա մոսկովյան այցի արդյունքում սպասվում է, որ սահմանին 165 դոլար գինը ամրագրող փաստաթուղթ կստորագրվի:
«Արդեն պատրաստ է նախագիծը, օրը համաձայնեցված է և ենթադրվում է, որ պիտի ստորագրվի», - նշեց Քոչարյանը, - «Խոսքը վերաբերում է կարճատև որոշմանը, որպեսզի 165 գինը պահպանվի, որպեսզի բանակցությունները ընթանան ավելի արտոնյալ պայմանների մասին»:
Համեմատության համար նշենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսը ռուսական գազի դիմաց այս հունվարին սահմանին վճարում էր 142 դոլար, սակայն Մինսկը այսքանով չէր բավարարվել․ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանակցություններ էր սկսել Մոսկվայի հետ՝ այդ գինը նվազեցնելու ուղղությամբ:
«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, Մոսկվան չի համաձայնում իջեցնել գազի գինը, որովհետև իր տնտեսության համար դժվարին ժամանակներում ամենևին ցանկություն չունի զրկվել արտարժույթից:
Միևնույն ժամանակ, ըստ Գևորգյանի, հայ-ռուսական քննարկումները դժվար է «բանակցություն» կոչել, որովհետև չի պատկերացնում, թե Երևանը գազի գնի հարցում Մոսկվային զիջումներ պարտադրող ինչ լծակներ ունի․ - «Այսինքն՝ Ռուսաստանի մենաշնորհային դիրքը թույլ է տալիս Ռուսաստանին այնքան էլ փափուկ չլինել Հայաստանի հետ գազի գնի շուրջ բանակցելիս»: