Մատչելիության հղումներ

ՀԲ․ Հայաստանը այս տարի կունենա ամենացածր տնտեսական աճը 2010-ից ի վեր


Գործարան Հայաստանում, արխիվ
Գործարան Հայաստանում, արխիվ

Կառավարությունում, այդուհանդերձ, շարունակում են լավատեսություն պահպանել:

Այս տարի Հայաստանը կունենա ամենացածր տնտեսական աճը 2010 թվականից ի վեր, նշված է Համաշխարհային բանկի տեղեկագրում:

Միջազգային ֆինանսական կառույցի հրապարակած ամենամսյա տնտեսական վերջին տեղեկագրի համաձայն, անցած տարին երկիրը փակել է 3 տոկոս տնտեսական աճով, սակայն այս տարի տնտեսական աճը 2.5 տոկոսից ավելի չի լինի, ինչը վատագույն ցուցանիշն է նախորդ հինգ տարիների համեմատ:

Համաշխարհային բանկի համաձայն, նման ցածր տնտեսական աճը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական անկմամբ և Հայաստանի տնտեսության կառուցվածքային թուլություններով:

Չնայած այս գնահատականներին, Հայաստանի իշխանությունները առնվազն արտաքուստ շարունակում են պահպանել լավատեսություն: Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին շաբաթ օրը հարցրեցին, թե ի՞նչ վիճակում է տնտեսությունը, նա արձագանքեց․ - «Տնտեսությունը շարժելու ենք առաջ, և ևս մեկ անգամ ուզում եմ կրկնեմ՝ մեր հաջողությունները մեր միասնականության մեջ է»:

Այսօր իշխանության ներկայացուցիչները աշխատում են չհիշել նախագահ Սերժ Սարգսյանի երեք տարվա վաղեմության պահանջը․ - «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով՝ դա վերաբերում է 13 թվականին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:

Սարգսյանի այս պահանջը դեռ երբևէ չի կատարվել, բացի այդ՝ նախորդ տարիներին Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները աստիճանաբար վատացել են:

Որ տնտեսությունում գործերի վիճակը լավ չէ՝ հուշում է Համաշխարհային բանկի տեղեկագրի նաև այս հատվածը․ - «2015 թվականի սկզբից մինչև տարեվերջ անհուսալի վարկերը 3․7 տոկոսից հասել են ավելի քան 9 տոկոսի: Դոլարայնացման բարձր աստիճանը և հաշվեկշռում արժութային անհամապատասխանությունները ռիսկեր են ստեղծում բանկային համակարգի կայունության և շահութաբերության հարցերում: Ընդհանուր վարկավորումը 2015 թվականին կրճատվել է 3․1 տոկոսով»:

Միջազգային ֆինանսական կառույցը խնդիր է տեսնում նաև պետական եկամուտների ապահովման մասով: «2016 թվականի հունվարին եկամուտների փաստացի հավաքագրումը մեկ տարի առաջվա համեմատ ցածր է եղել՝ արտացոլելով ներմուծումների շարունակական նվազման միտումը: Եթե հունվարի միտումները շարունակվեն, ապա անցած տարի գրանցված հարկաբյուջետային ճնշումները կարող են 2016 թվականին կրկին զգացվել», - նշված է տեղեկագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG