Մատչելիության հղումներ

Դեսպան. Գերմանիան Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է ԵՄ երկրների շարքում


Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-գերմանական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ։

«Գերմանիան մեր երկրի թիվ մեկ առևտրային գործընկերն է Եվրամիության երկրների շարքում», - այսօր նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրած զեկույցում ասել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, զեկույցը վերաբերել է հայ-գերմանական հարաբերությունների օրակարգին և հատկապես փոխգործակցության տնտեսական բաղադրիչին, երկկողմ ընթացիկ ծրագրերին ու ձեռքբերումներին, ինչպես նաև առկա խնդիրներին։

Նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, գործարար համաժողով, նախագահին զեկուցվել է նաև այդ իրադարձություններին ընդառաջ կատարվող աշխատանքների մասին:

Սմբատյանը նշել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում առևտրաշրջանառության ծավալները տատանվել են 350-450 միլիոն դոլարի սահմաններում, ինչը, ըստ դեսպանի, վատ ցուցանիշ չէ։

«Հայաստանում գործում են մի քանի տասնյակ գերմանական կապիտալով ընկերություններ, որոնք, իհարկե, իրենց ներդրումն են բերում մեր երկրի զարգացման գործում։ Կարծում եմ՝ զուտ արդյունաբերության ոլորտում կարևորագույն, հաջողված ծրագրերից մեկը՝ «Քրոնոմետի» հետ մեր համագործակցությունն է, որը հանդիսանում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերը: Այս տարիների ընթացքում «Քրոնոմետը» մեզ համար եղել է վստահելի գործընկեր, որի հետ մենք կարողացել ենք աշխատել ինչպես արտադրության ծավալների, աշխատատեղերի ավելացման հարցերում, այնպես էլ որպես Հայաստանում ամենամեծ գործատուներից մեկի հետ, որը պետական բյուջեի նկատմամբ իր պարտականությունները մշտապես պարտաճանաչորեն կատարող, վստահելի, պատասխանատու և ամենախոշոր հարկատուներից մեկն է։ Սա մեզ համար պետք է լինի տնտեսական բնագավառում համագործակցության շատ լավ օրինակ», - ասել է դեսպանը։

Նա նշել է, որ Հայաստանն արդեն եվրոպական գործընկերներին ներկայանում է նաև որպես ԵԱՏՄ անդամ, որը նոր հնարավորություն է՝ հրավիրելու նրանց ներդրումներ կատարելու Հայաստանում՝ ունենալով նաև ԵԱՏՄ տարածքը որպես շուկա։

Այս առումով, Սմբատյանի խոսքով, Հայաստանում գործում են մի քանի ձեռնարկություններ։ «Նախ կցանկանայի տեսնել, թե ի՞նչ հնարավորություններ ունենք ընկերությունների թիվն ավելացնելու, որովհետև գերմանացիները տիրապետում են բարձրակարգ տեխնոլոգիաների՝ արտադրության գրեթե բոլոր բնագավառներում։ Եվ, իհարկե, Հայաստանում էլ կան գործարարներ, ովքեր նրանց հետ կարող են լինել գործընկեր, այնուհետև նաև՝ պատասխանատու լինել այդ արտադրանքի իրացման համար։ Կարծում եմ, որ մեզ համար կարևորագույն ուղղություն է գերմանական տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի արդյունաբերության, արտադրության մեջ: Կան այդպիսի վառ օրինակներ։ Մեզ համար շատ ցանկալի է, որ մեր եղած ձեռնարկություններն ամբողջովին վերազինվեն նման սարքավորումներով», - ասել է դեսպանը։

Նրա խոսքով, մի կարևոր ուղղություն կա, որով Հայաստանը շատ մեծ հաջողություններ չունի, բայց որը Հայաստանի համար խիստ անհրաժեշտ է։ «Խոսքս գերմանական արտադրանքի արտահանումը խրախուսող «Հերմես» ընկերության մասին է, որը նորմալ բիզնես ծրագրերի պարագաներում շատ մեծ օժանդակություն է ցուցաբերում: Փաստորեն ստացվում է, որ այդ սարքավորումները տրամադրվում են լիզինգով, այսինքն՝ մեր գործարարների համար շահավետ պայմաններով: Այստեղ մենք ունենք նախնական այդպիսի մի պայմանավորվածություն, որի ուղղությամբ մենք պետք է շատ ջանքեր ներդնենք», - ասել է դեսպանը։:

Նրա կարծիքով, Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է Զարգացման գերմանական բանկը (KfW), որի հետ արդեն գրեթե 20 տարի է Հայաստանը համագործակցում է, և որը, ըստ դեսպանի, Հայաստանի տնտեսական զարգացման գործում ուղղակի անփոխարինելի դերակատարություն է ունեցել:

«Վարկավորվել են հարյուրավոր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Մեր փոքր հիդրոկայանների գրեթե ամբողջ ծրագիրն իրականացվել է KfW բանկի միջոցներով: Այստեղ մեր համագործակցությունը, անշուշտ, պետք է շարունակել: Վերջին այդպիսի համագործակցությունը եղավ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ 400 կիլովատտ լարման գծի կառուցման պայմանագիրը՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակներում, որը մեր էներգետիկ համակարգը կդարձնի շատ ավելի կայուն, անվտանգ և շահավետ: Շատ կարևոր ծրագիր է, և այն, իհարկե, պետք է ունենա երկրորդ փուլը՝ իր ավարտը, որպեսզի մենք այստեղ կարողանանք ունենալ նաև ժամանակակից համակարգ», - ասել է Սմբատյանը:

Նա նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է գերմանացիների տեխնիկական օժանդակությունը: Նրանք, ըստ էության, երկրորդ դոնոր երկիրն են Հայաստանի համար՝ Միացյալ Նահանգներից հետո: Անցած տարիների ընթացքում, ըստ դեսպանի, Գերմանիան հարյուր միլիոնավոր դոլարներ է հատկացրել Հայաստանին՝ որպես տեխնիկական օժանդակություն, և, իհարկե, այս համագործակցությունն էլ պետք է շարունակել:

«Կցանկանայի հասկանալ՝ կա՞ն գերմանական ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք Հայաստանում ունեն որոշակի խնդիրներ կամ մեր աջակցության կարիքը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մոտ ժամանակներս ես այց եմ ունենալու Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և, իհարկե, տեղյակ եմ, որ այս տարի պետք է կայանան գործարար համաժողով, միջկառավարական հանձնաժողովի նիստ: Կցանկանայի այս հարցերի մասին հանգամանորեն խոսենք, և, իհարկե, քաղաքական կողմը մի փոքր տարանջատենք տնտեսականից: Քաղաքականում էլ մենք բավականաչափ առաջընթաց ունենք, բայց այս պահին առաջին հերթին ինձ հետաքրքրում է մեր տնտեսական համագործակցությունը», - խորհրդակցության սկզբում ասել է Սերժ Սարգսյանը:

Աշոտ Սմբատյանը ներկայացրել է հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը, զարգացման դինամիկան, ընթացիկ և առաջիկա ծրագրերը, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլն, փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաև Գերմանիայում Հայաստանի դեսպանության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքները:

«Պարո՛ն Նախագահ, ինչպես Դուք արդեն նշեցիք, Գերմանիան արտահանումների առումով աշխարհում առաջատարներից է, նույնիսկ կարելի է ասել՝ առաջինն է և աշխարհում հինգերորդ խոշոր տնտեսությունն ունի: Այսօր Գերմանիայի ՀՆԱ-ի կառուցվածքում առյուծի բաժինն ընկում է ծառայությունների ոլորտին: Արդյունաբերությունն ընդամենը 25 տոկոս է կազմում ՀՆԱ-ի կառուցվածքում: Գերմանիայի տնտեսության մեջ վերջին շրջանում նկատելի են հատկապես ծառայությունների ոլորտում որոշ աշխարհագրական տեղաշարժեր, և կարծում եմ՝ սա աութսորսինգի սկզբունքով տնտեսության մեջ ընկերությունների ձևավորում է, նրանց աշխատանքների իրականացում Գերմանիայից դուրս՝ այլ երկրներում: Այս իմաստով մենք անելիքներ ունենք, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ գերմանական կողմը նույնպես հետաքրքրություն ունի: Մենք այս ընթացքում արդեն կարողացել ենք բանակցություններ վարել գերմանական «Սիմենս», «Սափ» և «Լյուֆթանզա» ընկերությունների հետ, որպեսզի աշխարհագրական տեղաշարժերի շրջանակներում նաև Հայաստանը հնարավոր և հետաքրքրող շուկա հանդիսանա», - ասել է Սմբատյանը:

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Արտակ Դավթյանը, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, Հայաստանի նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG