Իրենց առաջարկները չգտնելով Ընտրական օրենսգրքի նախագծում՝ Հայ ազգային կոնգրեսն այս պահին կարևորում է կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ իշխանությանը միասնական պահանջներ ներկայացնելը:
Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ պետք չէ շատ առաջարկներ անել, պետք է պնդել մի քանի կարևորները:
«Ի՞նչ նշանակություն մեզ համար՝ 13 ընտրատարածք է, թե 41, գունավոր քվեաթերթիկներով է քվեարկությունը գնում, թե անգույն, եթե մնալու է ընտրակեղծարարության հին մեխանիզմը: Հիմա խնդիրը հենց նրա մեջ է, որ գտնենք այդ կարևորագույն, առանցքային առաջարկները: Հիմա այդ փնտրտուքը գնում է, մենք բանակցում ենք և՛ քաղաքացիական հասարակության հետ, և՛ այլ քաղաքական ուժերի հետ, որ այդ վերջնական փաթեթին գանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի պահանջները չորսն են՝ հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները, մաքրել ուռճացված ընտրացուցակները, բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման կամ ստուգման հասանելի մեխանիզմ, ընտրության օրը տեսանկարահանել տեղամասերն ու հարող տարածքը:
Զուրաբյանն ասում է՝ դրանք ուղարկել են Ազգային ժողովի ոչ իշխանական բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին: Բանակցությունների արդյունքներից խոսելը վաղ համարեց, բայց և ասաց՝ պատրաստ են քննարկել նաև մյուս ուժերի առաջարկները․ - «Եթե քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը միասնաբար ընտրի առանցքային պահանջներ և առաջ քաշի դրանք, դա կստանա նաև միջազգային հանրության աջակցությունը, և այդ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ինչ-որ չափով կոտրել իշխանության դիմադրությունը»:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Ընտրական օրենսգրքին առնչվող հարցեր դեռ չեն քննարկել: Ավելի վաղ ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել էր, թե չեն ցանկանում իշխանությունների հետ քննարկումների մեջ մտնել, նախընտրում են այդ հարցով աշխատել միջազգային կառույցների հետ:
«Բարգավաճ Հայաստանն» իր առաջարկների փաթեթն ունի, բայց քննարկումների հնարավորություն տեսնում է բոլոր քաղաքական ուժերի հետ:
«Մենք այնտեղ տեսնում ենք առաջարկներ, որոնց շուրջ հնարավոր է քննարկել, բայց այնպես չէ, որ բոլոր առաջարկները միանշանակ աշխատող կարող են լինել», - մեզ հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, - «Այնպես որ՝ եկեք որևէ քաղաքական ուժի առաջարկ չընդունենք որպես աքսիոմներ և դոկտրիններ և փորձենք աշխատել փոխզիջումների գալու տարբերակով»:
Մտահոգություններ՝ էլեկտրոնային քվեարկության հարցում
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ հակված են մերժել նաև իշխանության առաջարկած էլեկտրոնային համակարգը: Ասում էր՝ թղթային քվեարկությունը, մատների թանաքոտման կիրառմամբ, շատ ավելի հուսալի է․ -
Մեկ տարվա մեջ էլեկտրոնային քվեարկության հուսալի համակարգ հնարավոր չէ ստեղծել ...Լևոն Զուրաբյան
«Մենք վստահ ենք, և դա հաստատում են միջազգային մասնագետները, որ մեկ տարվա մեջ էլեկտրոնային քվեարկության հուսալի համակարգ հնարավոր չէ ստեղծել: Եվ երկրորդը՝ էլեկտրոնային քվեարկության համակարգերը գործում են, հուսալի են միայն այն դեպքում, եթե ընտրողների այն շտեմարանը, որ օգտագործվում է էլեկտրոնային քվեարկության համար, օգտագործվում է նաև այլ ոլորտներում, օրինակ՝ հարկային ոլորտում, կենսաթոշակային ոլորտում: Այսինքն՝ ինքը փոխկապակցված շտեմարան է, և հենց դրա շնորհիվ ամեն ինչ հնարավոր է ստուգել»:
ԲՀԿ-ն էլ էլեկտրոնային քվեարկությանը վերաբերող անհանգստություններ ունի:
«Զրուցել ենք նաև Եվրոպական միության դեսպանների հետ, միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Այնպես չէ, որ էլեկտրոնային քվեարկությունը, հատկապես՝ Հայաստանի տիպի երկրներում, ապահովագրում է ընտրական կեղծիքներից: Շատ դեպքերում այն ավելի ռիսկային է, այնպես որ՝ մենք պիտի կարողանանք ընտրել ոսկե միջինը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա չբացառեց, որ Սահմանադրությանը կողմ լինելով՝ կարող են դեմ քվեարկել Ընտրական օրենսգրքին․ - «Կախված նրանից, թե որքանով մեր առաջարկները ընդունելի կլինեն իշխանության համար, մեր քվեարկությունը, բնականաբար, կախված կլինի դրանից»:
Վենետիկի հանձնաժողովը՝ լծա՞կ
Լևոն Զուրաբյանի կարծիքով, իշխանությունը առաջինը պետք է բանակցեր ոչ թե միջազգային կառույցների, այլ հայաստանյան ընդդիմության, հասարակության հետ:
«Նրանք ուզում են, որ մինչև հասարակությանը ներկայացնելը, մինչև ժողովրդի հետ քննարկելը, մինչև ընդդիմության հետ բանակցությունները կարողանան ստանալ Վենետիկի հանձնաժողովի հավանությունը, որը, իրենց կարծիքով, թույլ կտա ավելի անզիջում լինել մեզ հետ քննարկման ժամանակ», - մեկնաբանեց Զուրաբյանը: