Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը


Կառավարության այսօրվա նիստում հաստատված նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ քննարկման:

Ներկայացնելով փաստաթուղթը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագիծը մշակել են սեղմ ժամկետներում և այժմ ազդարարում են քննարկումների սկիզբը․ - «Սա ընդամենը հենք է, որը հնարավորություն է տալիս սկսելու հանրային քննարկումները: Մեր կարծիքով, բավարար հենք է»:

Հարությունյանն առանձնացրեց նախագծի հիմնական գծերը․ 40-ից ավելի ընտրատարածքների փոխարեն ձևավորվելու է 13 ընտրատարածք, որոնցից 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում, համամասնական են լինելու ոչ միայն խորհրդարանական ընտրությունները, այլև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գյումրիում և Վանաձորում: Այս քաղաքներում, ինչպես մայրաքաղաքում, քաղաքապետը կընտրվի ավագանու կողմից:

Քվեարկության ժամանակ տեղամասերում ընտրողները կգրանցվեն էլեկտրոնային եղանակով․ - «Էլեկտրոնային այս հաշվարկման համակարգը պատշաճ հնարավորություն է ընձեռում պայքարել առավել շատ քննադատվող, առավել շատ մտահոգություն առաջացնող մի երևույթի դեմ»:

Նրա խոսքով, հաշվի են առել 2012 խորհրդարանական և 2013 նախագահական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության առաջարկները․ - «Հիմնականում այն բոլոր դիտողությունները, որոնք այդ երկու ընտրությունների արդյունքում ներկայացվել են, մենք փորձել ենք այս նախագծում դրանց տալ համապատասխան լուծումներ»:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը նաև նշեց, որ ավելի վաղ Վենետիկի հանձնաժողով ուղարկած տարբերակը տարբերվում է այսօր հաստատված նախագծից․ - «Մենք կարծում ենք, որ այս աշխատանքները պետք է իրականացնենք զուգահեռ: Մարտի կեսերին սպասում ենք փորձագետների առաջին այցը, և նրանց, բնականաբար, կներկայացնենք, թե մենք ինչ փոփոխություններ ենք կատարել նախագիծը իրենց ուղարկելուց հետո»:

Ընդդիմության հիմնական առաջարակները՝ քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերահսկողական լրացուցիչ մեխանիզմների ներդրումը, Ընտրական օրենսգրքի նախագծում տեղ չեն գտել:

Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ թեև ներկայացված նախագծում հաշվի են առնվել իրենց առաջարկները, սակայն «դեռ աշխատելու տեղ կա»․ - «Հիմա այս փուլը նոր փուլ է, և սա նույնպես մենք համաձայնեցրել ենք մեր գործընկերների հետ, որ մենք պետք է իսկապես ականջալուր լինենք բոլոր տրամաբանական առաջարկներին և այդ առաջարկները փորձենք ընդգրկել Ընտրական օրենսգրքի մեջ»:

Քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելու պահանջը նաև Դաշնակցությունն է բարձրացրել, սակայն նախագծում այն ներառված չէ: Ռուստամյանի խոսքով՝ հիմնական խոչընդոտը Սահմանադրական դատարանի որոշումն է, որով ցուցակների հրապարակումը համարվել է գաղտնիության սկզբունքի խախտում․ - «Բայց ինչպե՞ս կարող ենք Սահմանադրական դատարանի որոշումը նկատի չունենալ, դա դժվար է պատկերացնել: Միակ տարբերակը, որ որոշումը փոխվի: Բայց ի՞նչ հիմքով դա պիտի փոխվի․․․ Սրանք բոլորը հարցեր են»:

Ռուստամյանի կարծիքով, քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելուն կարող է փոխարինել տեխնոլոգիաների կիրառումը․ - «Սարքը պետք է տա մեկ գլխավոր հարցի լուծում․ պետք է կարողանանք կանխել բազմակի քվեարկությունները այդ սարքերի օգտագործման միջոցով։ Դա ինչպե՞ս կկատարենք՝ սա արդեն կոնկրետ դեպքում ավելի հստակ դա կդրսևորվի»:

Արտերկրում և Հայաստանում բնակվողների ցուցակներն առանձնացնելու առաջարկին վերաբերող հարցին Ռուստամյանն արձագանքեց․ - «Ես չեմ ուզում շատ առաջ գնալ և մեր խոհանոցը բացել, բայց մենք բավականին լուրջ առաջարկներ ունենք նաև հենց այդ բազմակի քվեարկությունների հետ կապված այլընտրանքային մեխանիզմներ առաջարկելու իմաստով»:

Ընդդիմադիրների քննադատությանը, թե նախագծի տեքստը փաստացի գաղտնի է պահվել, Ռուստամյանը հակադարձեց․ - «Իսկ նախապատրաստական փուլը պարտադիր չէ, որ տեղի ունենա բաց և հրապարակային․․․ Աշխատում են մասնագետները, պատրաստում են ինչ-որ նախագիծ, որը այնուհետև հրապարակվում է: Այդտեղ գաղտնիության խնդիր չկա»:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը պնդում է, թե նախագիծն առանց բոլոր կողմերի հետ քննարկվելու է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդարանում իշխանական տեսակետը պաշտպանելու լրացուցիչ հաղթաթուղթ ունենալու համար, Արմեն Ռուստամյանն արձագանքեց․ - «Վենետիկի հանձնաժողով ևս հնարավորություն կա ուղարկել: Վատ չէ, որ իրենք հենց սկզբից մտնեն պրոցեսի մեջ: Ես կարծում եմ, սա, ընդհակառակը, կօգնի, որպեսզի հենց քննարկումները լինեն ավելի օբյեկտիվ: Այդ քննադատներն ինչի՞ց են վախենում: Վախենում են նրանից, որ կլինի մի ավելի անաչառ մասնագետ, որը կարծիք կասի, որին արդեն իրենք չեն կարող ընդդիմանալ: Որովհետև ստեղ իշխանություններին դեմ խոսելը հեշտ է, բայց անկախ, անաչառ մասնագետներին դեմ խոսելը դժվար է: Դա իրենց գործն է դժվարացնում: Բայց մեր գործը հեշտացնում է, որովհետև մենք մասնագետների հետ միասին քայլում ենք, որպեսզի չսխալվենք»:

XS
SM
MD
LG