Մատչելիության հղումներ

Հրապարակվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը


Ամիսներ շարունակ փակ դռների հետևում մշակելով նոր Ընտրական օրենսգիրքը՝ կառավարությունը հաշվի չի առել ընդդիմության հիմնական պահանջները՝ քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, մատների թանաքոտումը:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը ընդամենը առաջարկում է ընտրացուցակները կազմել նաև էլեկտրոնային տարբերակով, իսկ ընտրողներին գրանցել էլեկտրոնային համակարգի միջոցով, որը պետք է ճշտի, թե արդյոք քվեարկության եկած քաղաքացին ընդգրկված է ընտրացուցակում և արդյոք մինչև այդ արդեն չի քվեարկել:

Ըստ նախագծի, եթե համակարգը ճանաչի ընտրողին և հաստատի, որ նա մինչև այդ չի քվեարկել, պետք է ավտոմատ տպվի քվեարկության համար հատուկ կտրոն: Հակառակ դեպքում էկրանին կվառվի կարմիր լույս, ընտրահանձնաժողովը կհրավիրի ոստիկանություն, որն էլ պետք է ձեռնարկի օրենքով սահմանված միջոցառումները:

Օրենսգրքի մյուս նորամուծությունը ընտրատարածքների փոփոխությունն է: Ներկայիս 41 ընտրատարածքների փոխարեն առաջարկվում է 13 ընտրական տարածք․ 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ ընտրատարածք են կազմելու):

Նոր Ազգային ժողովում, ըստ նախագծի, լինելու է նվազագույնը 101 պատգամավոր: Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է առաջադրի թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար:

Եթե ԱԺ ընտրությունների արդյունքում որևէ ուժ չստանա առնվազն 53 մանդատ, ընդունվում է մանդատների բաշխման նախնական որոշում, որից հետո երեք օրվա ընթացքում ընտրական շեմը հաղթահարած ցանկացած կուսակցություն կամ դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել առավելագույնը երկու կուսակցությունների հետ՝ եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Հակառակ դեպքում նախատեսվում է քվեարկությունից 21 օր հետո անցկացնել Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշինքները:

Սահմանված է նաև լրացուցիչ մանդատների տրամադրման հնարավորություն՝ մեծամասնության ու փոքրամասնության համար: Ըստ այդմ, երկրորդ փուլում մեծամասնություն ստացած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիվը կազմի խորհրդարանի 54 տոկոսը: Միաժամանակ, եթե քվեարկության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավելի քան 2/3-ը, ապա մյուսներին տրվում է լրացուցիչ այնքան մանդատ, որ ունենան ԱԺ-ի առնվազն 1/3-ը:

Նախագծով առաջարկվում են նաև քվեարկության կարգի փոփոխություններ: Այսպես, յուրաքանչյուր ընտրատեղամասում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղացի դիտորդ ու լրատվամիջոցի ներկայացուցիչ: Եթե գործող օրենսգրքով դիտորդական առաքելության իրավունք ունեն նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունները, ապա նոր նախագծով նման դրույթ նախատեսված չէ:

Դիտորդների ու վստահված անձանց մասով կա ևս մեկ նորամուծություն․ եթե գործող օրենսգրքով նրանց ընտրատեղամասից կարելի էր հեռացնել միայն կալանքի կամ ձերբակալության դեպքում, ապա այժմ առաջարկվում է այդ իրավունքը տալ նաև ընտրահանձնաժողովի նախագահին՝ եթե դիտորդը կամ վստահված անձը խախտի Ընտրական օրենսգրքի պահանջները:

Տեղական ինքնակառավարման մարմիններում առաջարկվում է Երևանից բացի, Գյումրիում և Վանաձորում նույնպես քաղաքապետի ընտրությունները անցկացնել ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ համամասնական ընտրակարգով ձևավորվող ավագանու կողմից:

XS
SM
MD
LG