Սահմանադրական փոփոխությունների «Այո» շտաբի փոխնախագահները մեկը մյուսի հետևից նոր պաշտոններ են ստանում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Սարգսյանի հրամանագրերով Հովհաննես Հովսեփյանն ազատվել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից և նշանակվել երկու օր առաջ ֆինանսների նախարարությունից առանձնացված Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Մոտ ութ տարի նախագահականում բարձր և պատասխանատու պաշտոն զբաղեցրած Հովսեփյանը սահմանադրական հանրաքվեի նախօրեին նշանակվել էր «Այո»-ի շտաբի փոխնախագահ:
Օրերս նախագահ Սարգսյանի հրամանագրով «Այո»-ի շտաբի մեկ այլ փոխնախագահ, անկուսակցական Լևոն Յոլյանը նշանակվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Ուշագրավ է, որ Հովհաննես Հովսեփյանի կարիերայում կտրուկ առաջընթացներ են տեղի ունեցել հատկապես համապետական ընտրություններից հետո: 2008 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին՝ 2007-ի դեկտեմբերին, Հովսեփյանը նշանակվեց տարածքային կառավարման նախարարի տեղակալ: Ընդդիմադիրների պնդմամբ` հենց այդ նախարարությունը մեծ լծակներ ունի մարզերում՝ հօգուտ իշխանությունների վարչական ռեսուրսը գործի դնելու համար:
2008 թվականի հետընտրական արյունալի դեպքերից ընդամենը երկու ամիս անց Հովսեփյանը պաշտոնի բարձրացում ստացավ՝ նշանակվելով նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:
Նախագահականում աշխատող Հովհաննես Հովսեփյանը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, անցած հինգ տարիներին հանրությանն անհայտ անձանցից ստացել է ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն ու երբևէ չի ներկայացրել իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագիր:
Եթե անցած օրերին նորանշանակ նախարարներին ներկայացնում էր վարչապետը, ապա այսօր Հովսեփյանին ՊԵԿ-ի աշխատակիցներին ներկայացնելու եկավ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդ որում, ՊԵԿ-ի նոր ղեկավարը ժամանեց վերջին արտադրության թանկարժեք «Մերսեդես S 500» ավտոմեքենայով, որն, ի դեպ, ավելի նոր մոդել է, քան նախագահ Սարգսյանին սպասարկող «Մերսեդես»-ը:
Ընդ որում, 2015 թվականի հայտարարագրի համաձայն, ՊԵԿ-ի նորանշանակ նախագահը նույն մակնիշի մի ավտոմեքենա վաճառել էր 150.000 դոլարով, գնել էր «Ռենջ Ռովեր»՝ 120.000-ով, իսկ այսօրվա «Մերսեդես»-ի մասին հայտարարագրում ոչինչ նշված չէ:
Պետեկամուտների կոմիտեում Սերժ Սարգսյանը դարձյալ խոսել է բարեփոխումներից՝ ընդգծելով, որ նոր ղեկավարի օրոք ՊԵԿ-ի աշխատանքի ցուցանիշն է լինելու հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը:
«Պատահական չէ, որ այսօր ես եմ եկել ձեզ ներկայացնելու կոմիտեի նոր նախագահին: Սա նշանակում է, որ ես մշտապես պատրաստակամ եմ լինելու ինքս անձամբ մասնակցելու ծագած խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացին»,- հայտարարել է Սարգսյանը:
ՊԵԿ-ի նորանշանակ նախագահի հետ այսօր չկարողացանք զրուցել, անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին նրան մոտենալ: Ավելի վաղ հաջողվեց հարցեր ուղղել նորանշանակ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանին՝ արդյոք նախարարական աթոռը «Այո»-ի շտաբում իր աշխատանքի վարձատրությո՞ւնն է:
«Ես ընդգրկված եմ եղել ոչ միայն «Այո»-ի շտաբի աշխատանքներում, ես ընդգրկված եմ եղել և՛ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության աշխատանքներում, և՛ նախագահի ընտրությունների ժամանակ»,- ասաց Յոլյանը։
Հարցին էլ, թե այդ դեպքում ինչո՞ւ չի անդամակցում ՀՀԿ-ին, նախարարը պատասխանեց.- «Ունեմ համապատասխան մոտեցումներ՝ երբևիցե, բացի Կոմունիստական կուսակցությունից, որի շարքերը ընդունվել եմ ուսանող տարիներին, այլ կուսակցության անդամ չեմ եղել»։
Յոլյանն ասաց, որ այժմ Կոմունիստական կուսակցության անդամ չէ։