Հայաստանի չորրորդ օմբուդսմենը Արման Թաթոյանն է

«Ազատության» հարցին ի պատասխան՝ նորընտիր օմբուդսմենը հավաստիացրեց, որ պատրաստվում է անդրադառնալ քաղաքական հնչեղություն ստացած գործերին։

«Ստանձնելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները», - ընտրվելուց հետո հայտարարեց Արման Թաթոյանը՝ վստահեցնելով, որ իր համար առաջնահերթ լինելու են քաղաքական հնչեղություն ստացած գործերը:

Ժամկետներ չնշելով, նորընտիր օմբուդսմենը խոստացավ այցելել կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ու «Նոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանին:

Իր խոսքում, սակայն, Արման Թաթոյանը այդպես էլ չգործածեց «քաղաքական բանտարկյալ» բնորոշումը․ - «Դեռ ինքս ունեմ շատ հարցեր պարզելու: Հասկանամ առաջնահերթությունը յուրաքանչյուր գործի և այլն»:

Չնայած երեկ հնչած քննադատությանը՝ Թաթոյանը ավելի շատ ձայներ հավաքեց, քան իր նախորդները: Իշխանության թեկնածուներ լինելով՝ Արմեն Հարությունյանը ստացել էր 87, Կարեն Անդրեասյանը՝ 83 պատգամավորի քվե: Իսկ Արման Թաթոյանի օգտին քվեարկեցին 96 պատգամավորներ:

Խորհրդարանը, հիշեցնենք, Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է 6 տարի ժամկետով:

Թաթոյանի թեկնածությանը դեմ քվեարկեցին Ազգային ժողովի 7 պատգամավորներ:

Նորընտիր օմբուդսմենը համաձայն չէ դիտարկմանը, թե այսօր իր օգտին քվեարկեցին նաև մարդիկ, որոնք իր անուն-ազգանունն անգամ չգիտեին:

Ընտրությանը ներկա էին նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Նահապետ Գևորգյանն ու Սամվել Ալեքսանյանը: Վերջինս այդպես էլ չպատասխանեց «Ազատության» հարցին, թե ում օգտին է քվեարկել:

Մինչև քվեարկությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին սատարելու մասին հայտարարել էին Հանրապետականն ու Դաշնակցությունը: «Օրինաց երկիր»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները, համաձայն խմբակցությունների ղեկավարների հայտարարությունների, ազատ էին քվեարկել:

«Ժառանգություն»-ը միասնական տեսակետ չհայտնեց, իսկ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ չեն մասնակցելու ընտրությանը:

Այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը եկել էր քվեարկության: Երեկ նա ասել էր, որ կողմ է քվեարկելու ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածուին:

Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գործընկերներին վստահեցնում էր, որ ընտրվելուց հետո իրենց թեկնածուն «կդառնա բոլորինը»․ - «Համոզված ենք, որ ներկայացնում ենք այնպիսի թեկնածու, որը բավարարում է Մարդու իրավունքների պաշտպանի չափորոշիչներին, և համոզված ենք, որ, իր անձնական ներուժը և հնարավորությունները ներդնելով, նա հանրությանը կապացուցի, որ ինքը իրոք արժանի Մարդու իրավունքների պաշտպան է»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, օմբուդսմենի թեկնածության հարցը որոշվել է Սերժ Սարգսյանի աշխատասենյակում․ - «Ամենայն հավանականությամբ, ռեժիմն առաջադրել է Ձեր թեկնածությունը՝ վստահ լինելով, որ ունի Ձեր վրա ազդելու բոլոր անհրաժեշտ լծակները: Սա նշանակում է, որ Դուք կպաշտպանեք մարդու իրավունքները երկրում ուղիղ մինչև այն սահմանը, որից հետո բախվում եք մի շատ կոնկրետ մարդու իրավունքների հետ: Թույլ տվեք Ձեզ ասել, որ, այնուամենայնիվ, Դուք կարող եք ընտրություն կատարել՝ ծառայելու ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ ծառայելու ժողովրդավարությանը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը քվեարկությանը չմասնակցեց, բայց ամբիոնից տեսակետ հայտնեց․ - «Իշխանությունը ամեն ինչ անելու է, որ Դուք դառնաք իր կամքի արտահայտողը․․․ Ընդդիմությունը փորձելու է ամեն ինչ անել՝ Ձեզանից կերտելու Ռեմբո՝ հայաստանյան ընդդիմադիր սոուսով: Ընտրությունը Ձերն է լինելու․ կկարողանա՞ք դիմակայել այդ երկու բևեռների պատանդը չդառնալու իսկապես գլոբալ պրեսինգին և ճնշմանը՝ մենք կկարողանանք խոսել այս ինստիտուտի կայացման և Ձեր անաչառության մասին»:

Արամ Մանուկյանը (ՀԱԿ) Թաթոյանին բարեմաղթանք ուներ․ - «Մեր իշխանությանը էսօր փուշն է պակասում․ Ձեզ փուշ եմ ցանկանում: Կունենա՞ք էդ փուշը՝ Ձեզ կհամագործակցենք, չեք ունենա այդ փուշը՝ գնացեք կործանվեք ինչպես մնացածները»:

Պաշտպանի թեկնածության քննարկումների օրերին հայտարարությունների պակաս չզգացվեց: Իր առաջադրած թեկնածուին Հանրապետականը բնորոշեց որպես «կրթված, պատրաստված, քաղաքական զսպվածությամբ աչքի ընկած»: Թաթոյանի թեկնածությանը դեմ պատգամավորները շահերի բախման վտանգ տեսան: Զարուհի Փոստանջյանին, օրինակ, հանգիստ չէր տալիս այն, որ թեկնածուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի տեղակալն է:

Քննարկումների ընթացքում թեկնածուին հաջողվեց նույնիսկ Մարտի 1-ի գործով կալանավորված ու մեղադրված որոշ պատգամավորների համոզել, թե ինքն այդ պաշտոնում գրեթե չի առնչվել ՄԻԵԴ ուղարկված հայցերին:

Չհամոզեց, սակայն, Փոստանջյանին, ով Արման Թաթոյանին անվանեց «ՄԻԵԴ-ում իշխանությունների փաստաբան»:

Պատգամավորների քննադատությունը, ըստ նորընտիր օմբուդսմենի, որևէ նստվածք չեն թողել․ - «Բացառված է որևէ նստվածք»: