Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները Թաթոյանին կոչ են անում հրաժարվել օմբուդսմեն դառնալու մտադրությունից


Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, արխիվ:
Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, արխիվ:

«Պետք է ունենա այդքան ազնվություն հրաժարվելու և իր տեղի զիջելու այն անձին, ով ավելի արժանի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Մի բան, որ մենք տեսանք այս օրերին՝ [Թաթոյանը] զրկված է ազատությունից: Չունի ազատություն խոսելու, կարծիք հայտնելու: Նա պետք է ազնվորեն ինքը իրեն խոստովանի՝ կարո՞ղ է նա ինչ-որ բան անել այս իրավիճակում, երբ ամեն օր տեսնում ենք ոստիկանական բռնություններ, հետապնդումներ․․․ Ի՞նչ կարող է անել: Պետք է ունենա այդքան ազնվություն՝ հրաժարվելու և իր տեղի զիջելու այն անձին, ով ավելի արժանի է և ով հանրության շրջանում ունի այդ համարումը, հեղինակությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը:

34-ամյա Արման Թաթոյանը Արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2013-ի նոյեմբերից: Ըստ նախարարության պաշտոնական կայքի, Թաթոյանը հիմնականում զբաղվում է խոշտանգումների կանխարգելման ոլորտում միջազգային չափանիշների ներդրման հարցերով, համակարգում է քրեական և քրեադատավարական օրենսդրության բարեփոխման, ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականության դեմ պայքարի օրենսդրական աշխատանքները: Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալն է ՀՀ-ի դեմ ներկայացված գործերով:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի զարմանում, որ «իշխանության օմբուդսմենի թեկնածուն չինովնիկ է»: Հարությունյանի համոզմամբ՝ իշխանությունը չի ցանկանա մարդու իրավունքների անկախ պաշտպան ունենալ․ - «Նրա նշանակմամբ իշխանությունները ոչ թե սկսում են, այլ շարունակում են օմբուդսմենի ինստիտուտի վերջնական արատավորման, տապալման պրոցեսը: Նրանք օմբուդսմենի ինստիտուտը պատկերացնում են որպես իշխանական մի կառույց»:

Հարությունյանը չի պատկերացնում օմբուդսմենին՝ առանց իշխանության հետ հակասությունների․ - «Եթե նա ապագայում չգրանցի հակասություններ իշխանությունների հետ, նշանակում է նրան հաջողվելու է օմբուդսմենի ինստիտուտը դարձնել գրասենյակ՝ իշխանական կառույցներին կից․․․ Արդարադատության նախարարությանը գուցե, Գլխավոր դատախազությանը գուցե»:

Նորանկախ Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այդ պաշտոնում նշանակվել էր նախագահի (Ռոբերտ Քոչարյանի) հրամանագրով: Հաջորդ երկու օմբուդսմեններ Արմեն Հարությունյանն ու Կարեն Անդրեասյանը՝ լինելով իշխող կոալիցիայի թեկնածուներ, ընտրվել են Ազգային ժողովի կողմից:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով, նախորդ օմբուդսմենների հետապնդումը ցույց տվեց, որ Հանրապետականին պետք է «խոնարհ թեկնածու»․ - «Մենք լսել ենք, որ նրանք գլխատում են, աչք են հանում, բայց որ նրանց առհասարակ հետաքրքրում է մարդու իրավունքները՝ ուղղակի զավեշտալի է հիմա: Հանրապետականը կարող է ընդհանրապես իր համար մի հատ օմբուդսմենի տեղ բացել և տանել Արման Թաթոյանին հենց այնտեղ․․․ Հանրապետականի համար օմբուդսմեն կարող է աշխատել, բայց ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»:

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից տեղեկացանք, որ այսօր ստացել են երկու թեկնածուների՝ Զարուհի Փոստանջյանի և Արման Թաթոյանի դիմումները: Թաթոյանի թեկնածությունն առաջարկել են Պետաիրավական հանձնաժողովի բոլոր վեց ՀՀԿ-ական անդամները, Փոստանջյանինը՝ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ինչպես նաև «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

XS
SM
MD
LG