Փոստանջյանի թեկնածությունն առաջարկել են անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, Թաթոյանինը՝ Պետաիրավական հանձնաժողովի վեց ՀՀԿ-ական անդամները, Ալոյանինը՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Ազատության» հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը թեժ պայքար կանխատեսեց․ - «Ես մրցում եմ Հանրապետական կուսակցության հետ, այլ ոչ թե նրանց կողմից ներկայացված մի անկախ անձնավորության հետ»:
Ընդդիմադիր թեկնածուն նաև հաղթանակի հնարավորություն է տեսնում․ - «Եթե իրենք չեն ընտրելու մի քանի թեկնածուներ՝ ներկայացնելու լիագումար նիստին, դա նշանակում է, որ հանձնաժողովը փաստորեն ցանկանում է ընտրել մի թեկնածու, որին ներկայացնի հետագայում ոչ թե ընտրության լիագումար նիստին, այլ հաստատման: Նույնիսկ այս պարագայում մեծամասնություն չեն կազմում․ վեց հոգի ընդդիմության ներկայացուցիչն են, վեց հոգի՝ իշխանության»:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) Զարուհի Փոստանջյանին քաղաքականության մեջ է տեսնում․ - «Եթե Զարուհի Փոստանջյանին կորցնենք, ապա պետք է կորցնենք մի հսկայական քաղաքական թիմ կարծես թե»:
Ւրենց թեկնածուի շանսերն այնքան բարձր են գնահատում, որ «չեն քարոզելու քվեարկել Թաթոյանի օգտին»: Հովհաննես Սահակյանը կարծում է, որ «արժանի լինելը հանրահավաքային ելույթներով չի որոշվում»․ - «Սա այն խնդիրն է, որ բանակցել, գնալ, ձայն բերել, տանել, խոսել, համոզել չի կարելի․․․ Ընտրություններն այն գործընթացն են, որ պետք է պատրաստ լինել նաև պարտվելուն կամ չհաղթելուն»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրենք ևս կառաջադրեն օմբուդսմենի թեկնածու՝ կուսակցության քաղխորհրդի անդամ Մակար Եղիազարյանին: ԲՀԿ-ի խոսնակ Վահան Բաբայանի փոխանցմամբ, առաջադրման հարցով պայմանավորվել էին կուսակցությունից դուրս եկած, բայց խմբակցության անդամ մնացած Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջին պահին, սակայն, Ուրիխանյանը հրաժարվել է առաջադրել Մակար Եղիազարյանին:
«Ինքը նաև մասնակցել է ԲՀԿ խմբակցության նիստին, և այդ հարցը քննարկվել է անձամբ իր հետ խմբակցության ներսում: Եղել է նախնական պայմանավորվածություն քննարկել այդ հարցը, սակայն այս օրերի ընթացքում որևէ փոփոխություն չի եղել, որ ընդհանուր թեկնածուի առաջադրումը կարող է խնդիր լինել: Վերջին րոպեներին է դա եղել», - պատմեց Բաբայանը:
Իսկ «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակը տարածած հայտարարության մեջ պնդել է, որ պայմանավորվածություն, թե ԲՀԿ-ի թեկնածուին պետք է առաջադրի «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, չի եղել:
Հովհաննես Սահակյանի փոխանցմամբ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նամակով ներկայացրել է Մակար Եղիազարյանի թեկնածությունը, մինչդեռ, քանի որ ընթացակարգը միայն հանձնաժողովականներին է թույլ տալիս առաջադրումներ անել, չեն կարող ընդառաջել Զոհրաբյանի խնդրանքին:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցածների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի 12 անդամների ուղիղ կեսը՝ վեց ՀՀԿ-ականները, կպաշտպանեն, ըստ հայտարարությունների, Արման Թաթոյանի թեկնածությունը, երկուսը՝ Փոստանջյանի, մեկը՝ Ալոյանի: Հանձնաժողովում մեկ անդամ ունեցող Հայ ազգային կոնգրեսը հակված չէ մասնակցել քվեարկությանը:
Պետաիրավական հանձնաժողովում Դաշնակցությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանն ասաց, որ դրական է վերաբերվում թե՛ Թաթոյանին, թե՛ Փոստանջյանին․ տեղում կորոշի, թե ում օգտին քվեարկել: