Գևորգ Սաֆարյանի միջնորդությունն՝ իրեն ազատ արձակել գրավի դիմաց, մերժվեց: Փաստաբան Տիգրան Հայրապետյանն առայժմ ծանոթ չէ դատավորի հիմնավորմանը, բայց դռնփակ նիստում քննիչի առարկություններն էր լսել.- «... Որ կարող է ապացույցներ կեղծել, ազդել վկաների վրա և խոչընդոտել քննությանը, անգամ կարող է խուսափել ներկայանալ քննիչի կանչով»։
Փաստաբանը դատարանին էր ներկայացրել պատգամավորների ստորագրությամբ երաշխավորագիր, նախկին օմբուդսմենի բավական կոշտ գրությունը ոստիկանապետին, ինչպես նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության գնահատականը։
«Քննիչը ուղղակի Human Rights Watch-ին դիտում էր որպես եվրոպական կառույց, որը այդքան էլ հեղինակություն չունի»,- պատմեց փաստաբանը։
Լուրը ստանալով՝ Ժիրայր Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի ուրբաթօրյա ելույթը հիշեց.- «Հերթական անգամ բռնաբարվում է ՀՀ քաղաքացու իրավունքը։ Վրեժխնդիր լինելով՝ միաժամանակ վախեցնել ակտիվ երիտասարդությունը, որ բոլորի ճակատագիրը այսպես կլինի, եթե շարունակեն։ Այն սին հույսերը, որոնք շատերը փայփայում էին, թե Սերժ Սարգսյանը այս իր վերջին ելույթով բոլորին հասկացրեց, որ ժողովո'ւրդ, համբերե՛ք, հեսա հեղափոխությունը ինքն է անելու, ի՞նչ գործ ունեք, բոլորը տեսան, որ էդ ամբողջը միայն ծաղրի առարկա է»։
Ամանորի գիշերվանից մինչև օրս այս գործով, ըստ փաստաբանի, քննչական գործողություն չի իրականացվել: Վաղն, ամենայն հավանականությամբ, Գևորգը կառերեսվի իր դեմ ցուցմունք տված երկու ոստիկանների հետ: Երկամսյա կալանքի ժամկետը լրանում է մարտի 1-ին. Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ, իրավապահները մտադիր են ազատազրկումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն ներկայացնել։
«Ըստ քննիչի՝ Գևորգ Սաֆարյանը այնպիսի խիստ արարք է կատարել, որ եվրոպական երկրներում, իր բառերով եմ ասում, բավականին խիստ պատիժ է սահմանվում»,- ասաց Հայրապետյանը։
Շուրջ չորս ժամ տևած դատավարությունը ուղեկցվում էր բողոքի ցույցով: Ավարտին ձվեր նետեցին շենքի վրա:
Գևորգից բացի Ամանորի գիշերը ոստիկանական բռնությունների մասին հայտնել էին հինգ ակտիվիստներ։ Գագիկ Եղիազարյանը մինչև օրս տուժող չի ճանաչվել։
«Հայտը տալուց քննիչը վստահեցրեց, որ անպայման կլինի անկողմնակալ քննություն և կպատժվեն բոլոր մեղավորները, բայց մինչ այսօր որևէ տեղեկություն չկա գործից»,- նկատեց Եղիազարյանը։
Ընկերոջն աջակցելու էր եկել Սյուզի Գևորգյանը: Միջադեպից մեկ ամիս անց դեռ բացահայտված չէ նաև նրա դեմ բռնության գործը, թեև դեպքի վայրում տեսախցիկներ կային։
«Մեկ ամիս է՝ ես արդեն ամեն օր գնում են կա՛մ հիվանդանոց, կա՛մ ոստիկանություն, կա՛մ էլ քննիչի մոտ։ Հիմա առաջնայինը պետք է էդ տեսախցիկների հարցը լուծվեր»,- ասաց Գևորգյանը։
Ցուցարարները երթով շարժվեցին դեպի եվրոպական դիվանագիտական կառույցներ: