Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում դատաքննությունը տևեց ընդամենը երեսուն րոպե: Ինչպես հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքների մյուս գործերով, այսօր նույնպես մեղադրյալն ընդունեց մեղադրանքն ու միջնորդեց առանց ապացույցների ուսումնասիրման, արագ դատաքննություն իրականացնել:
«Հարգելի դատավոր, ես հասկացել եմ իմ մեղքը և խնդրում եմ շատ մեղմ պատիժ կիրառել», - ասաց նա:
Դատարանն այդպես էլ չքննեց, թե ինչու է 23-ամյա մագիստրոսը կեղծ անձնագրային տվյալներ լրացրել ու վեց անձանց փոխարեն քվեարկել: Նիստից հետո Թումանյանը միայն պնդեց, թե ինքնակամ է կատարել ընտրակեղծիքը:
Մեղադրյալի շահերի պաշտպանը դատարանում նրան բնութագրեց որպես օրինավոր քաղաքացի:
Փաստաբան Սարգիս Մադաթյանը նախորդ շաբաթ նույն դատարանում պաշտպանում էր հանրաքվեի ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու համար 500 հազար դրամ տուգանքի դատապարտված մեկ այլ անձի՝ Մհեր Ռշտունու շահերը: Թե՛ Ռշտունին, թե՛ այսօր դատապարտված Գոռ Թումանյանը ընտրակեղծիքներ էին իրականացրել միևնույն՝ Նար-Դոսի անվան դպրոցում տեղակայված 10/14 և 10/15 տեղամասերում, որտեղից հանրաքվեի օրը բազմաթիվ ահազանգեր էին ստացվել:
Մադաթյանը, տեղեկացնելով, որ ընտրակեղծիքների վերաբերյալ ևս մեկ գործով է ներգրավված, վստահեցրեց՝ քաղաքացիներն իրարից առանձին են դիմել, նրանց միջև կապ չկա․ - «Ընտրել են ինձ, դիմել են ինձ՝ հաշվի առնելով իմ պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը և գործունեության բնույթը»:
Թեև օրենքը մեկից ավելի անձանց փոխարեն քվեարկելու համար նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում, հանրաքվեի ժամանակ արձանագրված ընտրախախտումների համար երեք անձ դատապարտվել է միայն դրամական տուգանքի, իսկ ընտրախախտումների գործերով միակ կալանավորված անձը՝ Կենտրոնի թաղապետարանի աշխատակից Զավեն Միրիջանյանը, շաբաթներ առաջ ազատ արձակվեց՝ կաշառելու փորձի համար դատապարտվելով երկու տարվա պայմանական ազատազրկման: