Մատչելիության հղումներ

Ուրիշի փոխարեն քվեարկել է «այո»-ն անցկացնելու համար»


Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրված ընտրակեղծիքների գործով հերթական դատական նիստը:

Թիվ 179 դպրոցում տեղակայված 8/08 ընտատեղամասի հանձնաժողովի անդամ, համատիրության կառավարիչ Վարդանուշ Աթեյանը մեղադրվում է Մալաթիայում բնակվող Ռաֆայելյանների ընտանիքի 3 անդամների փոխարեն քվեարկելու մեջ:

59-ամյա Աթեյանը մեղադրանքն ընդունեց ու միջնորդեց դատաքննությունն անցկացնել արագացված ընթացակարգով, որի դեպքում ապացույցները դատարանում չեն ուսումնասիրվում:

Դատարան եկած երեք վկաները ևս չհարցաքննվեցին, և քննությունը չի փորձելու պարզել, թե ինչու է հանձնաժողովի անդամը քվեարկել այլ անձանց փոխարեն, արդյո՞ք նա որևէ մեկի հրահանգն է կատարել:

«Ազատության» հետ զրույցում Աթեյանը պնդեց, թե ինքնակամ է որոշել Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումների օգտին ընտրակեղծիք կատարել․ - «Գիտեմ՝ էդ բնակարանի դուռը փակ էր, ասացի՝ մնում ա ազատ, գրանցեմ, ստորագրեմ․․․ Ես մեղքը վերցնում եմ, որ գրել եմ, ստորագրել եմ: Քվեարկեցի «այո»-ն անցկացնելու համար: Իմ սկզբունքների հիման վրա, ասացի՝ լավ, ստեղ մեկ ա չեն ապրում, գրել եմ և գցել եմ: Ոչ մեկը ինձ ուղղություն չի տվել»:

Աթեյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ժաննա Կոտիկյանը ևս պնդեց, որ 3-րդ կարգի հաշմանդամ կինն իր գաղափարներին հետևելով է կեղծիքի գնացել, առանց որևէ նյութական շահագրգռվածության․ - «Իրեն դուր է եկել սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, զրուցել է կոլեգաների կամ քաղաքացիներ հետ, և նրան բացատրել են, որ շատ լավ տարբերակ է, եթե անցնի այդ «այո»-ի տարբերակը: Ուստի, երևի թե, երկրում շատ բան կփոխվի: Եվ իր սկզբունքներից ելնելով, նա որոշել է, որ իր աջակցությունը դրսևորի ինչ-որ ձևով «այո» ծրագիրը, բարեփոխումները անցնելու համար»:

Փաստաբանն ու մեղադրյալը հույս հայտնեցին, որ դատարանը մեղմ պատիժ կնշանակի:

Նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը ժամանակ խնդրեց մեղադրական ճառին նախապատրաստվելու համար:

Ի դեպ, Մալաթիա համայնքի նույն այս ընտրատեղամասում դիտորդները խախտումների բազմաթիվ ահազանգեր էին հնչեցրել նաև 2013 թվականի Երևանու ավագանու ընտրությունների ժամանակ․ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (ՀՀԿ) անձամբ էր եկել սաստելու հանձնաժողովականներին․ - «Եթե մի հատ ստից զանգեցին, ընձնից չնեղանաք: Վսյո, մնացածը դուք որոշեք արդեն»:

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը չի հավատում, թե որևէ մեկը կարող է գաղափարներից ելնելով կեղծիք իրականացնել․ - «Համոզված ենք, որ բոլոր ընտրակեղծարարություններն արվում են համակարգված, մեկ կենտրոնից մշակված: Եվ դատավարության արդյունքներն էլ ցույց են տալիս, որ իշխանությունները հովանավորում են ընտրակեղծարարներին»:

Նախորդ շաբաթ այլ անձի փոխարեն քվեարկելու գործով կրկին արագացված դատաքննությամբ մեկ այլ քաղաքացի դատապարտվեց 500 հազար դրամ տուգանքի: Իսկ հանձնաժողովի ընդդիմադիր անդամին կաշառելու փորձ արած Զավեն Միրիջանյանը, ով հանրաքվեի գործերով միակ կալանավորվածն էր, ավելի վաղ ազատ էր արձակվել՝ դատապարտվելով երկու տարվա պայմանական ազատազրկման:

Արշակ Մուսախանյանը վստահ է, որ հանրաքվեի գործերն արագացված են քննում, որպեսզի չբացահայտվեն կեղծիքների կազմակերպիչները․ - «Կոնկրետ դեպքեր կան, երբ ընտրակեղծարարը կաշառք է տվել, կամ վստահված անձի վկայական է ցանկացել ունենալ․․․ Դրանք շատ կոնկրետ ընտրակեղծարարության մեխանիզմներ են, որոնք պետք է աշխատել թիմի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG