Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների մեղադրանքով կալանավորված Միրիջանյանը ազատ արձակվեց


Զավեն Միրիջանյանը (կենտրոնում) դատարանի դահլիճում:
Զավեն Միրիջանյանը (կենտրոնում) դատարանի դահլիճում:

Թեև առաջադրված մեղադրանքի համար սահմանված է 2-5 տարվա ազատազրկում, դատարանը թաղապետարանի աշխատակցին դատապարտեց 2 տարվա պայմանական ազատազրկման։

Սահմանադրական հանրաքվեին արձանագրված տասնյակ ընտրախախտումների համար առայժմ միակ կալանավորված Զավեն Միրիջանյանն այսօր ազատ արձակվեց։

Աղմկահարույց այս գործով դատավարությունը տևեց ընդամենը 2 օր։ Մեկ ժամից էլ քիչ տևած քննության ընթացքում դատարանն ընդդիմության ներկայացրած փաստերն ու ապացույցներն անգամ չքննեց: Մեղադրյալի պահանջով դատավարությունն ընթացավ արագացված կարգով։

Վճռից հետո Միրիջանյանը շտապեց ողջագուրվել ընկերների հետ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։

Զավեն Միրիջանյանը կալանավորվել էր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գովասանքին ու պատվոգրերին արժանացած թաղապետարանի աշխատակցին մեղսագրվում էր տեղամասային հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Վարդան Հարությունյանին կաշառելը։ Վերջինս այսօր դատարանից պահանջեց տուժող ճանաչել իրեն: Միջնորդությունը, սակայն, մերժվեց․ «Ուշացել եք», - պատճառաբանեց դատավորը։

Իրեն տուժող ճանաչելու համար ՀԱԿ անդամն ավելի վաղ դիմել է նաև նախաքննական մարմնին, սակայն նրա նամակները արձագանք չեն ստացել:

Հարությունյանը վստահ է, որ արագացված դատավարությամբ հանցագործությունը կոծկվեց․ - «Զավեն Միրիջանյանը չի գործել միանյակ: Նրան հրահանգվել է վերևներից, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանից։ Դատարանում ինձ տուժող ճանաչելը և մեր միջնորդությունները բավարարելը կբերեր այդ շղթայի բացահայտմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG