Դինքի սպանության ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործերը միավորվել են մեկ վարույթում

Բողոքի ակցիա Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի օրը, 19-ը հունվարի, 2015թ.

Թուրքիայի Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել միավորել Հրանտ Դինքի սպանության բուն գործը այն նախկին պաշտոնյաների դատական գործի հետ, որոնց առաջադրված է հանցագործությանն առնչություն ունենալու մեղադրանք։ Այս մասին հաղորդում է «Ակոս» պարբերականը: Գործի քննությունը կանցկացվի Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում: Առաջիկա օրերին հայտնի կդառնա հերթական դատական նիստի օրը:

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց հանցագործությունը ամբողջությամբ չի բացահայտվել, չնայած մարդասպան Օգյուն Սամասթը հայտնաբերվել և դատապարտվել է։ Դինքի ընտանիքն ու նրա իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրավորված է եղել հանցավոր խմբավորման կողմից։ Նրանք պահանջում են հայտնաբերել և պատժել հանցագործության իրական մեղավորներին:

Անցած տարի դատական գործը նոր ընթացք ստացավ, երբ մեղադրանք առաջադրվեց պատկան մարմինների 26 նախկին պաշտոնյաներին, այդ թվում՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետին, հետախուզական վարչության նախկին ղեկավարին և այլոց։

Վարկած կա, որ այս պաշտոնյաները սերտ կապ ունեն այսպես կոչված «Զուգահեռ պետություն» գաղտնի կառույցի հետ, որի հովանավորը համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երբեմնի դաշնակից, ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը:

Դինքի սպանության հետ «Զուգահեռ պետության» առնչության մասին անցած շաբաթ հայտարարել էր Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը: Վերջինիս կարծիքով՝ Դինքի սպանության հետաքննությունը միտումնավոր է ձգձգվում, քանի որ դրա հետևում «Զուգահեռ պետությունն» է կանգնած: Նման միտք էր արտահայտել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը թուրքական Bugün թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով` 2006-2007 թվականներին Թուրքիայում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում` Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները «նպատակ էին հետապնդում հեռացնել Թուրքիային քրիստոնյա Եվրամիությունից և խափանել նրանց հարաբերությունները»: