Մատչելիության հղումներ

Արման Կիրակոսյան. «Հայաստանը սատարում է մամուլի ազատությանը»


Թուրքիա - «Մենք բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսով ցույց Ստամբուլում՝ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ, 19-ը հունվարի, 2016թ․
Թուրքիա - «Մենք բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսով ցույց Ստամբուլում՝ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ, 19-ը հունվարի, 2016թ․

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը երեկ ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ դեսպանը կիսել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հունվարի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արտահայտված ակնկալիքը, որ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու, ինչը հանրությանն ի ցույց կդնի խոսքի ազատության և լրագրողների նկատմամբ բռնության դեմ պայքարի կարևորությունը:

Դեսպանը նշել է, որ Հայաստանը հետևողական կերպով սատարում է մամուլի ազատությանը և լրագրողների ու իրավապաշտպանների անվտանգությանը: «Թուրքիայում լրագրողների, համայնքային ղեկավարների և իրավապաշտպանների ահաբեկումը, նրանց նկատմամբ բռնությանն ու սպանություններին արձագանքելու անկարողությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ՝ դրանով իսկ խրախուսելով անհանդուրժողականությունը երկրի պաշտոնական դիրքորոշմանը հակադիր ցանկացած գաղափարի նկատմամբ», - ասել է Կիրակոսյանը:

Այդ համատեքստում հայկական կողմը մատնանշել է թուրքական իշխանությունների արձագանքը հայտնի թուրք մտավորականների նկատմամբ, որոնք համարձակվել են ձայն բարձրացնել ի պաշտպանություն թուրքական հասարակության մի լայն զանգվածի, ընդգծելով, որ նրանց նկատմամբ հարուցվել է հետաքննություն թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիման վրա, որը ժամանակին օգտագործվել էր Հրանտ Դինքին մեղադրելու և դատապարտելու համար:

Կիրակոսյանը դրական է գնահատել այն հանգամանքը, որ թուրք հասարակության զգալի մի հատված ցույցերի էր դուրս եկել՝ նշելու Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել սպանության բոլոր կազմակերպիչներին: Հայաստանի ներկայացուցիչը նաև կոչ է արել թուրքական իշխանություններին պատշաճ արձագանքել այդ կոչերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG