Մատչելիության հղումներ

Թուրք նախարար. Հրանտ Դինքի մահափորձի հետաքննությունը միտումնավոր է ձգձգվել


«Զուգահեռ պետության» ներկայացուցիչներն արեցին ամեն ինչ այն ստվերելու համար, ասել է Ֆիքրի Իշիկը։

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց թուրքական կառավարության ներկայացուցիչները խոստովանում են`ստամբուլահայ լրագրողի դեմ իրականացված մահափորձի հետաքննությունը միտումնավոր կերպով ձգձգվել է: Երեքշաբթի օրը թուրքական խորհրդարանում հնչեցրած իր ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Իշիկը:

«Մենք ընդունում ենք, որ Դինքի սպանության հետաքննության ընթացքը ձգձգվել է, քանի որ այսպես կոչված «զուգահեռ պետության» ներկայացուցիչներն արեցին ամեն ինչ այն ստվերելու համար», - հայտարարել է թուրք նախարարը:

Թուրքիայում ավանդաբար «զուգահեռ պետություն» էին անվանում ուժային կառույցների ներկայացուցիչներից կազմված այն գաղտնի խմբավորումներին, որոնք տասնամյակներ շարունակ քաղաքական իրենց օրակարգն էին թելադրում` չխորշելով անգամ ահաբեկչական գործողությունների և քաղաքական սպանությունների միջոցով հակառակորդներին ֆիզիկապես վերացնելու պրակտիկայից:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող թուրք նախարարը, սակայն, «զուգահեռ պետություն» ասելով, ըստ Hurriyet-ի, նկատի ուներ Ռեջեփ Էրդողանի նախկին դաշնակից, Միացյալ Նահանգներում բնակվող իսլամական գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի` իրավապահ համակարգի ներսում գործող աջակիցներին:

«Դինքի սպանության գործով այս պահին անցնող 26 նախկին ոստիկանները կասկածվում են Գյուլենի ղեկավարած շարժման հետ առնչություններ ունենալու մեջ», - պնդում է պարբերականը:

Թուրքական կառավարության ներկայացուցիչների խոսքից էլ պարզ է դառնում, որ հենց նախկին իրավապահների ներգրավվածությունն է, որ, նրանց համոզմամբ, անհնարին է դարձրել Դինքի սպանության արագ բացահայտումը:

«Այս միջադեպը շատ մանրակրկիտ էր նախապատրաստվել: Ոչինչ սակայն այս աշխարհում հնարավոր չէ հավերժ գաղտնի պահել: Եթե մենք փոքր-ինչ այլ կերպ մոտենայինք խնդրին, ապա շատ ժամանակ չէր պահանջվի միջադեպի մանրամասները հետաքննելու համար: Այժմ մենք հուսով ենք, որ համապատասխան բոլոր կառույցները արդյունավետ կերպով կհետաքննեն ինչպես Հրանտ Դինքի, այնպես էլ մի շարք այլ չբացահայտված սպանությունները», - Ազգային մեծ ժողովում հայտարարել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Իշիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG