Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր մեղադրանքներում

Վալերի Պերմյակովը դատարանի դահլիճում, 18-ը հունվարի, 2016թ.

Ավետիսյանների հարազատները հայտարարեցին, թե ռուսական ռազմաբազայի տարածքում գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանը կաշկանդված է։

Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն այսօր իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն այսօր միջնորդեցին, որ որպես ապացույց՝ ռուսական կողմի հարուցած քրեական գործից փաստաթղթեր ընդգրկվեն այս գործի մեջ: Փաստաբան Միհրան Պողոսյանը պահանջեց, որպեսզի դատարանը ռուսական կողմից պահանջի տվյալ գործով սեփական քննության փաստաթղթերը՝ հայկական գործին կցելու համար։ Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատավորը պահանջի նաև տեղեկատվություն՝ արդյոք հարուցվե՞լ են քրեական գործեր այլ անձանց նկատմամբ, օրինակ՝ Վալերի Պերմյակովին զորակոչելու, զենք տրամադրելու համար։

Դատարանը, որ նախորդ նիստերին շարունակաբար մերժում էր տուժող կողմի միջնորդությունները, այս մեկի քննարկումը հետաձգեց, ինչը է՛լ ավելի բորբոքեց կրքերը: Ավետիսյանների հարազատներն ու նրանց շահերի ներկայացուցիչները հայտարարեցին, թե ռուսական ռազմաբազայի տարածքում գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանը կաշկանդված է։

Այնուհետև դատարանը անցավ վկաների հարցաքննությանը: Սկզբում ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը, ով առաջինն էր հայտնաբերել սպանվածներին: Խիստ հուզված մտաբերելով այդ օրվա դեպքերը՝ նա պատմեց՝ երբ հարազատներին անկողիններում մահացած է տեսել, մտածել է, թե տանը գազի պայթյուն է եղել։

«Աիդայիս երեսը սաղ արյուն էր, անկախ ինձնից առաջ վազեցի, հաջորդ սենյակում քույրս էր ամուսնու հետ... Արմենս ընկած էր հատակին, ամբողջը արյուն էր, Արաքսյան տեղերի մեջ էր ու Հասմիկս թեքված էր կռավատի էս կողմով՝ դեմքով դեպի պատուհանը, արդեն ես ինձ կորցրել եմ, Սերյոժային չեմ փնտրել»,- պատմեց Պետրոսյանը։

Ցուցմունք տվեց նաև սպանված ընտանիքի հարսի՝ Արաքսյայի հայրը։ 24-ամյա աղջկան ու անչափահաս թոռներին կորցրած Անդրանիկ Պողոսյանը մեկ հորդոր ուներ դատարանին՝ արդար քննություն անցկացնել: Նրա ցուցմունքի ժամանակ ու նաև դրանից առաջ տուժողների իրավահաջորդների նյարդերը պարբերաբար տեղի էին տալիս, հարազատների ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացավ:

Տուժողի մյուս իրավահաջորդները՝ Ավետիսյանների երկու դուստրերը՝ Լուսինեն և Անահիտը պնդեցին, թե ի վիճակի չեն այսօր ցուցմունք տալ, և խնդրեցին դատարանին իրենց մեկ այլ օր հարցաքննել: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով՝ մինչև հաջորդ ուրբաթ: