Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ռուսական ռազմաբազայում վերսկսված դատական նիստի դահլիճում այսօր այլևս ռուս զինծառայողներ չկային, մեղադրյալ Վալերի Պերյակովին էլ ոչ թե ռուս զինվորները ուղեկցեցին դեպի ապակեպատ խուց, այլ Հայաստանի ոստիկանները: Դատավորի համար նաև հարևան դահլիճում կտորից վարագույրով խորհրդակցական սենյակ էր առանձնացված:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցն, ով նախորդ նիստին միջնորդել էր ռուս զինծառայողներին դատարանի դահլիճից հեռացնել, այս փոփոխություններն այսպես մեկնաբանեց.- «Ստացվեց, որ դատարանը չէ որոշում կայացնողը, Հայաստանի Հանրապետության դատարանում խնդիրներ լուծողը դատավորը չէ։ Որովհետև եթե նախորդ անգամ դատավորը մերժեց, նշանակում է՝ այդ զինվորները այսօր էլ պետք է գտնվեին այնտեղ, բայց եթե չեն գտնվել, դա նշանակում է՝ ոչ թե միջնորդության կամ դատարանի որոշմամբ են դրանք կայացվում, այլ չգիտեմ ում կողմից»։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները կրկին միջնորդեցին դատաքննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենք տեղափոխել, դրա համար մի շարք հանգամանքներ նշելով։
«Դատարանը նպաստում է ոչ արդյունավետ քննության անցկացմանը, քանի որ ամբաստանյալ Պերմյակովը կաշկանդված կլինի իրականությանը համապատասխանող ցուցմունք տալ դատարանում։ Հետևաբար դատարանի կողմից ռուսական բազայի տարածքում արտագնա նիստերի անցկացման որոշումը համարում ենք որպես անվստահություն ՀՀ իրավասու մարմինների և նրանց կողմից իրենց լիազորությունների իրականացման նկատմամբ, որը որևէ կերպ պետք է հիմնավորվի հարգարժան դատարանի կողմից»,- ասաց Արթուր Սաքունցը։
Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էլ նկատեց.- «Բոլորն էլ ինչ-որ քրեակատարողական հիմնարկում են գտնվում, եթե խափանման միջոցը կալանքն է։ Հիմա դատարանը ամեն անգամ պետք է գնա, էդ քրեակատարողական հիմնարկո՞ւմ անցկացնի դատը»։
Դատաքննությունից գոհ չէր նաև ամբաստանյալ Վալերի Պերմյակովը։ Նրա շահերի ներկայացուցիչը պնդեց՝ ձեռնաշղթաներով Պերմյակովին քննության բերելը խախտում է նրա իրավունքները, միջնորդելով վերացնել այդ խախտումը։ Դատարանը կես ժամ ընդմիջում հայտարարեց, ավարտին Պերմյակովը դատարան վերադարձավ առանց ձեռնաշղթաների:
Չնայած Ավետիսյանների հարազատների դժգոհությանը՝ դատարանը կրկին մերժեց քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարան տեղափոխելու միջնորդությունը, պնդելով, թե արտագնա նիստ անցկացնելու համար բոլոր պայմանները ստեղծված են, ռազմաբազայի տարածքում որևէ խոչընդոտ չկա: Սա էլ ավելի բորբոքեց թեժ կրքերը, տուժողի իրավահաջորդները ինքնաբացարկ հայտնեցին դատավորին՝ պնդելով, թե վերջինս կաշկանդված է:
Մեկ ժամ ընդմիջումից հետո դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց նաև ինքնաբացարկի միջնորդությունը։ Բուն գործի քննությունը այսօր էլ չսկսվեց, այս անգամ տուժողի իրավահաջորդնե՛րը միջնորդեցին նիստը հետաձգել։
«Ցանկացած դեպքում պետք է հետաձգվեր, որովհետև հասել էինք այն փուլին, երբ դատաքննություն պետք է սկսեր դատավորը, և եթե սկսեր, պետք է նախապատրաստական որոշակի գործողություններ կատարվեին, ինչը այսօր արդեն իսկ նշանակում էր, որ դատական նիստ չի լինելու։ Սակայն մենք ունենք շատ կարևոր միջնորդություն, որը պետք է ներկայացվի մինչև դատաքննության սկիզբը։ Այդ էր պատճառը, որ մենք միջնորդեցինք, որպեսզի դատարանը դատաքննությունը դեռևս չսկսած մեզ հնարավորություն տա միջնորդություն ներկայացնելու։ Դա կներկայացնենք հաջորդ նիստին, այս փուլում չեմ կարող միջնորդության բովանդակությունը բացահայտել, սակայն կապված է որոշակի փաստաթղթեր պահանջելու հետ»,- ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկա ուրբաթ։ Վաղը կլրանա Ավետիսյանների ամենափոքրի՝ 6 ամսական Սերյոժայի մահվան տարելիցը: