Կալաձե․ Ադրբեջանը չի կարող բավարարել Վրաստանի գազի ամբողջ պահանջարկը

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձե, արխիվ

Վրաստանը շարունակելու է պակասորդը լրացնել «Գազպրոմ»-ի մատակարարումների միջոցով:

2016 թվականին Ադրբեջանը ի վիճակի չի լինի բավարարել Վրաստանի գազի ողջ պահանջարկը: Այս մասին երեկ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ Թբիլիսիում կայացած բանակցությունների ավարտին հայտարարեց Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Մենք քննարկեցինք ստեղծված կացությունը, տեխնիկական մի շարք խնդիրներ, գազի սպառման այն անհամաչափությունը, որը առկա է ամռան և ձմռան ամիսներին: Այսօր Ադրբեջանից Վրաստան եկող երկու գազատարներն էլ աշխատում են առավելագույն տարողունակությամբ: Չնայած այդ հանգամանքին՝ Ադրբեջանն ապագայում ևս ի վիճակի չի լինի լրացնել գազի այն պակասորդը, որ առկա է մեր երկրում: Մենք շարունակելու ենք այդ պակասորդը լրացնել «Գազպրոմ»-ի մատակարարումների միջոցով», - ասում էր Վրաստանի էներգետիկայի նախարարը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահը շտապ Թբիլիսի ժամանեց, երբ վրացական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Վրաստանի կառավարությունը և ռուսական «Գազպրոմ»-ը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն՝ վրացական շուկայում ադրբեջանական գազի տեսակարար կշիռը պետք է կիսով չափ նվազեցվի ի հաշիվ ռուսական, չի բացառվում նաև՝ իրանական գազի: Ավելի վաղ, հիշեցնենք, տեղեկություններ էին հայտնվել, որ Վրաստանը մտադիր է Հայաստանի տարածքով նաև Իրանից գազ ստանալ:

Նման պայմաններում, երբ տնտեսական ծանր ճգնաժամում գտնվող Ադրբեջանը կարող է հավելյալ բազմամիլիարդ ֆինանսական կորուստներ կրել, Վրաստանի կառավարությունը փորձում է համոզել ադրբեջանցի գործընկերներին, որ վառելիքի աղբյուրների դիվերսիֆիկացումը զուտ տնտեսական քայլ է, և որևէ մեկը Թբիլիսիում ադրբեջանական գազից ամբողջությամբ հրաժարվելու մտադրություն չունի:

«Կուզեի նախևառաջ ընդգծել, որ չնայած վերջին շրջանում նկատվող քաղաքական շահարկումներին՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ համագործակցությունը Վրաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի: Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք պատրաստ են համագործակցել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ», - SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ բանակցությունների ընթացքում հայտարարում էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Երեկ կայացած բանակցությունների ընթացքում, սակայն, կողմերը այդպես էլ չկարողացան որևէ հստակ որոշման հանգել, որ կարող էր բավարարել թե՛ Թբիլիսիին և թե՛ Բաքվին: Միակ պայմանավորվածությունը, որի մասին հայտնի է այս պահին, վրաց և ադրբեջանցի փորձագետների քննարկումներ նախաձեռնելու որոշումն էր:

«Բանակցությունների մասին կարող եմ ասել, որ հիմնականում տեխնիկական խնդիրներ ենք քննարկել, մասնավորաբար՝ ձմռանը Վրաստանում գազի սպառման ծավալների ավելացման և դրա հետևանքով ծագող պակասորդը լրացնելու հարցը: Մենք պայմանավորվել ենք, որ երկու կողմերի փորձագետները միասին կքննարկեն, թե ինչպես է հնարավոր ավելացնել Վրաստան մատակարարվող ադրբեջանական գազի ծավալը», - Թբիլիսիում կայացած բանակցությունների ավարտին հայտարարում էր SOCAR-Georgia ընկերության ղեկավար Մահիր Մամեդովը: