Մատչելիության հղումներ

Իրանը Հայաստանի տարածքով գազ կարտահանի Վրաստան


Իրան - Հայաստան խողովակաշարը, որով նախատեսվում է իրականացնել արտահանումը:
Իրան - Հայաստան խողովակաշարը, որով նախատեսվում է իրականացնել արտահանումը:

Նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ:

Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:

Ըստ նախարարության պաշտոնական կայքի, Քամելին ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու:

«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը, ով հետևում է թեմայի շուրջ իրանցի պաշտոնյաների հայտարարություններին և իրանական լրատվամիջոցների հրապարակումներին, փոխանցեց, որ Թեհրանում կարծում են, որ իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը:

«Նախատեսվում է Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ: Այսինքն նոր գազամուղ և այլնի մասին խոսք դեռ չկա: Բացի այն, որ Վրաստանը գազ կստանա, նաև Հայաստանից [Իրան] մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կբարձրանա», - «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում ասաց Մոնասյանը:

Մանրամասների համար «Ազատությունը» դիմել է Իրանի նավթի, Վրաստանի էներգետիկայի ու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ:

Առայժմ արձագանքել են միայն Երվանդ Զախարյանի գլխավորած գերատեսչությունից՝ տեղեկացնելով, որ թեմայի վերաբերյալ առաջիկա օրերին հանդես կգան պարզաբանմամբ:

Դեկտեմբերին Երևանում կայացած քառակողմ բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել համակարգող խումբ՝ չորս երկրները կապող էներգետիկ միջանցք ստեղծելու համար: Այն ժամանակ, սակայն, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը մանրամասնեց՝ խոսքը միայն էլեկտրաէներգիայի մեծածավալ փոխանակման մասին է:

Իրան - Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007-ին: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնն ապահովել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում:

Իսկ անցած տարվա հունիսին անակնկալ հայտնի դարձավ, որ գազատարն առաջիկայում վաճառվելու է ռուսաստանյան «Գազպրոմ»-ին, որին նախորդ տարիներին վաճառվեց ողջ «Հայռուսգազարդը»: Ընդ որում, պարզվեց, որ հայ-իրանական գազամուղի առքուվաճառքի նախնական պայմանագիրը կնքված է եղել հենց շահագործման տարում՝ 2007-ին, մոտ 40 միլիոն դոլարով: Ռուսաստանյան մոնոպոլիստն արդեն վճարել է 30 միլիոնը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից այսօր տեղեկացրեցին, որ գործարքը կավարտվի առաջիկայում:

Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի խոսքով, Հայաստանով իրանական գազի մուտքը Վրաստան հիմնովին փոխում է տարածաշրջանի էներգետիկ ու աշխարհաքաղաքական իրադրությունը․ - «Ճնշումը ավելացնելով և գազի ծավալները ավելացնելով, գազի տարանցիկ հոսքը ապահովելով՝ Հայաստանը տարանցիկ հոսքից կունենա որոշակի եկամուտ, ինչը ինքնին լավ է: Երկրորդ, Վրաստանը վերջապես գալիս է ավելի խոհեմ և հավասարակշված աշխարհաքաղաքական դիրքի և մտածում է իր էներգակիրների մատակարարումը բազմազանեցնել և կախված չմնալ Ադրբեջանի՝ հարցականի տակ գտնվող գազային մատակարարումներից»:

Մարջանյանը ընդգծեց, որ Իրանի ու Վրաստանի հետ կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերին զուգահեռ՝ Հայաստանը մասնակցում է տարածաշրջանային էներգետիկ նախագծերին, ինչին նախորդ տարիներին ձգտում էին խոչընդոտել Ադրբեջանն ու Թուրքիան:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը իրանա-վրացական այս պայմանավորվածությունը «ոսկե հնարավորություն» գնահատեց Հայաստանի համար՝ պնդելով, թե այն թույլ կտա ամրապնդել Հայաստանի անվտանգությունը:

«Թեև դեռ վստահ չենք՝ արդյո՞ք Ռուսաստանը թույլ կտա ԵՏՄ անդամ Հայաստանին կյանքի կոչել նման ծրագիր, այնուամենայնիվ վրաց-իրանական էներգետիկ համագործակցության ապագան այժմ կախված է Հայաստանից: Շրջափակման պատճառով տևական ժամանակ է Հայաստանը կախում ունի Վրաստանից, բայց այս համատեքստում աճում է Հայաստանի ռազմավարական նշանակությունը, և հայ-վրացական հարաբերությունները կդառնան ավելի հավասարակշռված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG