Հայտնի է դարձել Վրաստանի էներգետիկայի նախարարի և «Գազպրոմ»-ի ղեկավարներից մեկի հերթական՝ գաղտնի բանակցությունների մասին։
Վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին ասել է, թե դեկտեմբերի 27-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Շվեյցարիայում հանդիպել է «Գազպրոմ էքսպորտ»-ի ղեկավար Ելենա Բուրմիստրովայի հետ։ Կալաձեն հանդիպման է մեկնել չարտերային չվերթով։
Վրաստանի էներգետիկայի նախարարությունը հաստատել է հանդիպման փաստը, բայց առանց մեկնաբանելու ու առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու։
Ցիսկարիշվիլին ասել է, թե Վրաստանը մտադիր է երկրում սպառվող ադրբեջանական գազի 50 տոկոսը փոխարինել ռուսական գազով։
Ըստ փորձագետի ունեցած տեղեկատվության, համաձայնագրի վրա աշխատելու է պետական ընկերությունը՝ Նավթի և գազի միջազգային կորպորացիան, որին պատկանում է Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած ֆոնդի 100 տոկոս բաժնեմասը, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Այս հիմնադրամի ղեկավարը՝ Դավիթ Սագանալեձեն մեկնաբանություններ չի տվել։
Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունն իսկույն արձագանքել է այս լուրերին՝ գրելով, որ դրանք տարակուսանք և մի շարք հարցեր են առաջացնում։
«Ադրբեջանը ապահովում է Վրաստանի գազի պահանջարկի գրեթե 80 տոկոսը։ Երկու երկրների միջև երկարաժամկետ պայմանագրեր կան կնքված։ Հստակ է, որ խնդիրը SOCAR-ի մատակարարումները չեն», - գրում է մեկնաբանը, նշելով, որ Վրաստանը տարեկան սպառում է մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ, տարեկան պահանջարկի աճը ընդամենը 8-10 տոկոս է, և SOCAR-ը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հեշտությամբ կարող է դա ապահովել։
«Թրենդ»-ը չի բացառում, որ Վրաստանը նման բանակցություններով փորձում է գազի շուկայում մրցակցության տպավորություն ստեղծել՝ նպատակ ունենալով SOCAR-ին ստիպել իջեցնել Վրաստանին տրվող գազի գինը, որը հիմա էլ բավականին ցածր է։
Մեկնաբանը նշում է, որ ամեն դեպքում, եթե Վրաստանը այնուամենայնիվ համաձայնության գա Ռուսաստանի հետ, ադրբեջանական գազը միևնույն է պահանջված կլինի։ «Այդ նույն ծավալները, որ հիմա օգտագործում է Վրաստանը, Ադրբեջանը կուղղի դեպի Թուրքիա կամ Եվրոպա և կվաճառի ավելի թանկ։ Ե՛վ Թուրքիան, և՛ եվրոպական երկրները միայն ուրախ կլինեն ռուսական գազին այլընտրանք, լրացուցիչ ծավալներ ստանալու համար», - գրում է նա։
«Թրենդ»-ի մեկնաբանի կարծիքով՝ ակնհայտ է, թե ադրբեջանական գազը ռուսականով փոխարինելու դեպքում որ կողմը կտուժի։