Փորձագետներ․ Բորդյուժան արձագանքել է Սերժ Սարգսյանի քննադատությանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 3-ը հոկտեմբերի, 2015 թ․

«Ազատության» հետ զրույցներում հայաստանցի փորձագետները նշեցին, թե վստահ են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հայտարարությամբ արձագանքել է Հայաստանի նախագահի հնչեցրած քննադատությանը:

Հայաստանցի փորձագետները համարում են, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը արձագանք էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը այդ կառույցի հասցեին:

Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, Բորդյուժայի անակնկալ արձագանքը միաժամանակ մեղմ է և հազիվ թե «ճնշի» Ադրբեջանին․ - «Ոչ էլ իրականում կազդի արցախյան ռազմաճակատի իրավիճակի վրա, քանի որ այնտեղ այլ գործոններ են պահում հրադադարի ռեժինը: Դա առաջին հերթին ռազմական, ռազմատեխնիկական բալանսն է, հայկական կողմի պատասխանը»:

Բորդյուժան նշում է, որ Ղարաբաղում իրավիճակը մտահոգիչ է, և պետք է կանխել հակամարտության հետագա շիկացումը, սակայն որևէ կերպ չի քննադատում ադրբեջանական կողմի գործողությունները: Մինասյանը կարծում է, որ ժամանակն է, որ ՀԱՊԿ-ը հասցեական լինի ու հայտարարություններից անցնի գործի․ - «Այլ բան է, եթե դա արդեն կանխամտածված քաղաքականություն վարվի ՀԱՊԿ-ի ղեկավարության կողմից, ապա միգուցե դա որպես գործոն իր դերը խաղա»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը համակարծիք է՝ Բորդյուժայի հայտարարությունը չի զսպի Ադրբեջանին, քանի որ թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանը Ադրբեջանի վրա ազդելու քիչ լծակներ ունեն․ - «Իրականում մենք արդեն վերջին օրերին տեսնում ենք այդ հարձակումների շարունակությունը, և դա հիմնականում իրագործվում է Ադրբեջանի ներքին քաղաքականության համատեքստում՝ ներքին դիվիդենտներ շահելու համար, շեղելու ուշադրությունը, օրինակ, ադրբեջանական արժույթի՝ մանաթի արժեզրկումից: Ալիևը, որպես լեգիտիմություն չունեցող նախագահ, օգտագործում է կոշտ ազգայնական հռետորաբանություն, օգտագործում է Հայաստանը և Ղարաբաղը որպես հարմար թշնամի՝ շեղելու հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից»:

Կիրակոսյանի կարծիքով, հայտարարությունները իրավիճակ չեն փոխի, կարելի է ակնկալել, որ առաջիկայում Պուտինը Սոչիի օրինակով կրկին եռակողմ հանդիպում կազմակերպի՝ ցույց տալու, որ Ռուսաստանը կարևոր դերակատար է այս տարածաշրջանում․ - «Դա կապ ունի նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները սխալ ընկալելու հանգամանքի հետ։ Ադրբեջանը, հետևելով Հայաստանի սահմանադրական հանրաքվեին, ներքին քաղաքական զարգացումներին, սխալմամբ թուլություն է տեսնում Հայաստանի ներսում։ Եվ դա շատ վտանգավոր է՝ նկատի ունենալով անկանխատեսելի հակառակորդի հանգամանքը: Այլ խոսքով՝ ուժեղացնում են պատահական պատերազմի վտանգի հասկացությունը, որը հիմնված է սխալ ռազմավարության վրա»։

Հայ-ադրբեջանական շփման գծում հանգստյան օրերին լարվածությունը զգալիորեն նվազել է: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ կրակոցները պակասել են: