Հայաստանի ներկայացուցիչն այդպես էլ չստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը, արձանագրում են երկուշաբթի օրը Մոսկվայում կայացած գագաթնաժողովը լուսաբանող գրեթե բոլոր ռուսաստանյան լրատվամիջոցները:
Московский Комсомолец-ը այս առիթով գրում է. - «Համաժողովի մասնակիցները հրաժարվեցին Հայաստանի ներկայացուցչին կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մտադրությունից` հանգելով եզրակացության, որ այդ քայլը կարող է ընկալվել որպես ՀԱՊԿ-ի` Թուրքիայի հետ հարաբերությունները սրելու ցանկության դրսևորում: Կազմակերպության անդամ պետությունների մեծամասնությունը, բնականաբար, նման ցանկություն չունի», - գրում է թերթը` հավելելով․ - «Որպես հետևանք՝ պետությունների ղեկավարների հետ համատեղ լուսանկարահանման արարողությանը դուրս եկավ ուրախ ժպտացող ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան»:
Թեման շարունակելով` Коммерсантъ-ը գրում է. - «Գագաթնաժողովի նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարում էր․ - «[Գլխավոր քարտուղարի] ռոտացիան տեղի է ունենալու ռուսական այբուբենին համապատասխան: Նման պարագայում տրամաբանական է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար կդառնա Հայաստանի ներկայացուցիչը»: Ապա պարբերականը նկատում է․ - «Չնայած Ուշակովի հայտարարությանը՝ համաժողովի ավարտին հայտնի դարձավ, որ Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները երկարաձգվել են ևս մեկ տարով` մինչև 2017 թվականը»:
«Ղարաբաղը` տեսադաշտից դուրս»․ այսպես է վերնագրված Lenta.ru-ի՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի մասին պատմող հրապարակման ենթաբաժիններից մեկը: «Սեպտեմբերի սկզբին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից հետո հայկական լրատվամիջոցները մեղադրում էին Սերժ Սարգսյանին, որ նա Տաջիկստանի մայրաքաղաքից դատարկաձեռն է վերադարձել: Մամուլը վրդովված էր, որ կազմակերպությունը այդպես էլ որևէ կերպ չգնահատեց հայ - ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձությունները: Շատ էին խոսում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների, Կենտրոնական Ասիայում «Իսլամական պետության» հնարավոր ակտիվացման վտանգի մասին: Ղարաբաղյան հարցը [Դուշանբեում] համառորեն չէին նկատում, և Հայաստանի նախագահն ի զորու չէր իր գործընկերների ուշադրությունը սևեռել այդ հարցի վրա», - գրում է Lenta.ru- ն՝ արձանագրելով․ - «Խնդրահարույց գոտու մասին չխոսեցին նաև այս անգամ»:
Փոխարենը, ռուսական մամուլն ակտիվորեն արձանագրում է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկված Հայաստանը միակն էր կազմակերպության անդամ պետություններից, որ Թուրքիայի հետ հակամարտությունում միանշանակորեն պաշտպանեց Ռուսաստանին:
«Սերժ Սարգսյանը ջերմորեն պաշտպանում էր Վլադիմիր Պուտինի [հակաթուրքական] հռետորաբանությունը», - գրում է Lenta.ru-ն:
Московский Комсомолец-ի տեղեկություններով էլ` երեկվա համաժողովի դռնփակ քննարկման թեմաներից մեկը հենց Երևանի որդեգրած չափազանց ակտիվ հակաթուրքական մոտեցումն էր:
«Կազմակերպության առաքելության մասին հրապարակային դատողությունների սիրահար ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այս անգամ փակ էր մամուլի ներկայացուցիչների համար: Ըստ ամենայնի, դրա պատճառն այն սկանդալն էր, որ ծագեց ՀԱՊԿ-ի ռազմական ներկայացուցիչների վերջին հավաքից հետո, երբ Հայաստանի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտարարեց, թե խորհրդակցության բոլոր մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի` Սիրիայում ծավալած գործողություններին, իսկ ռուսական Սու-24-ի կործանումը համարում են «ագրեսիայի դրսևորում և հարված թիկունքից», - գրում է մոսկովյան պարբերականը՝ մանրամասնելով․ - «Այս հայտարարությունները գրեթե միանգամից հերքվեցին Ղրղըզստանի և Բելառուսի պաշտպանական գերատեսչությունների կողմից, որոնք պնդեցին, թե նման հայտարարություններով հանդես գալու լիազորությամբ Հայաստանի ներկայացուցչին չէին օժտել, և Թուրքիան շարունակում է մնալ իրենց ռազմավարական դաշնակիցը»:
«Բելառուսի նախագահ Լուկաշենկոն և Ղրղըզստանի նախագահ Աթամբաևը չէին թաքցնում Մոսկվային և Անկարային հաշտեցնելու իրենց հույսը: Ընդհանրապես, ՀԱՊԿ-ի անդամ պետություններից միակը, որին ձեռնտու է ռուս-թուրքական հակամարտությունը, Հայաստանն է», - գրում է Московский Комсомолец-ը:
Սերժ Սարգսյանի` Ադրբեջանին ուղղված կոշտ քննադատությունը, որ հնչեց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում, ռուսական մամուլն անտեսում է: Ռուսաստանյան երկու առաջատար հեռուստաընկերությունների` Առաջին ալիքի և Россия-ի 6-րոպեանոց ռեպորտաժներում տեղ է գտել Սերժ Սարգսյանի ամփոփիչ հայտարարության 23 վայրկյան տևողությամբ հատվածը` նվիրված Թուրքիային:
Ղազախստանի պետական հեռուստաընկերության եթերում իրավիճակը գրեթե նույնն է: Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված Սերժ Սարգսյանի ուղղակի խոսքը այստեղ մեջբերվել է ընդամենը 22 վայրկյան:
Բելառուսի պետական հեռուստատեսության երեկոյան լուրերի թողարկումն ավելի «շռայլ էր»` մոտ 28 վայրկյան հատկացնելով Հայաստանի նախագահի ելույթին: Այս դեպքում էլ, սակայն, լրատվամիջոցը գերադասել է մեջբերել Սարգսյանի ելույթի` ՀԱՊԿ-ի հետագա անելիքներին, այլ ոչ թե Ադրբեջանին նվիրված հատվածը: