«Մենք մեծ տագնապով ենք հետևում Կովկասի այսօրվա իրավիճակին, հատկապես ղարաբաղյան հակամարտության շփման գծի իրավիճակին, այնտեղ արդեն ծանր ռազմական տեխնիկա է կիրառվում, տանկեր են կիրառվում, կան կորուստներ, մարդկային կորուստներ», - հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ես գտնում եմ, որ մեր երկրների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործվի՝ կանխելու իրավիճակի ապակայունացումը, որպեսզի արդեն այսօր բավականին տաք փուլում գտնվող հակամարտությունը չվերածվի ռազմական լայնամասշտաբ բախման: Այսօր դա շատ սարսափելի հեռանկար է, որովհետև կպայթի ամբողջ Կովկասը»,- ասել է Բորդյուժան «Ռոսիա 24» հեռուստաընկերության հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին:
Շարունակելով՝ նա նշել է․ - «Իհարկե, առաջին հերթին քաղաքական մեթոդներով, այդ թվում՝ օգտագործելով նաև մեր երկրների ղեկավարների հեղինակությունը, մենք չպետք է թույլ տանք, որ ինչ այնտեղ այսօր տեղի է ունենում՝ ավելի զարգանա, ընդհակառակը՝ պետք է հանդարտեցնել իրավիճակը, պետք է դադարեցնել փոխհրաձգությունները: Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Ոչ մի դեպքում չպետք է ծանր տեխնիկա կիրառվի»:
«Սա [ղարաբաղյան հակամարտությունը] խնդիրներից մեկն է, որոնց մենք բախվում ենք», - ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նիկոլայ Բորդյուժան հաստատել է այն լուրերը, որ հունվարի 1-ից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը, նախագահների մակարդակով պայմանավորվածություն կար անցնելու ռոտացիոն սկզբունքին, սակայն հավելել է, թե մեծ փոփոխությունները, Սիրիայում իրավիճակի բարդացումը, նաև ռուսական օդանավի դավաճանական կործանումը, դրանց գումարած ներքին խնդիրները՝ կապված ռոտացիոն սկզբունքով բոլոր պաշտոնյաների նշանակումների հետ, ահա այս բոլոր խնդիրների պատճառով որոշվեց ևս մեկ տարով երկարաձգել ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղարի լիազորությունները:
Անդրադառնալով 2016-ի ծրագրերին՝ Բորդյուժան ասել է, մասնավորապես, որ Հայաստանում անցկացվելու են ՀԱՊԿ-ի անդամ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծ զորավարժություններ: