Լևոն Մնացականյան․ Ադրբեջանը իրավիճակը մոտեցնում է պատերազմականին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս գիշեր իրավիճակը կրկին լարված է եղել։

Պաշտպանության բանակը հաղորդում է, որ Հադրութի ուղղությամբ հակառակորդը Դ-30 հաուբից հրանոթից է կրակ արձակել։ Հայկական դիրքերը գնդակոծվել են նաև ականանետներից, նռնականետներից և հրթիռային կայանքներից, զոհեր կամ վիրավորներ ղարաբաղյան կողմը այս գիշեր չի ունեցել։

Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, որ ադրբեջանական կողմը իրավիճակը պատերազմականին է մոտեցնում։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ 2014 թվականի օգոստոսից հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումները, որոնք բացառապես պայմանավորված են ադրբեջանական կողմի սադրիչ քայլերով, չեն տեղավորվում դեռևս 1994 թվականի մայիսին կողմերի միջև հրադադարի հաստատման մասին ձեռք բերված համաձայնության տրամաբանության շրջանակում:

«Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլև դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները: Եթե ասվածին հավելենք նաև անցած տարվա նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման ​դեպքը, ապա առավել քան պարզ կդառնա, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտությունը ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու, այլ իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը», - ընդգծել է գեներալ-լեյտենանտ Մնացականյանը:

«Մեզ համար յուրաքանչյուր զինվորի մահ անդառնալի կորուստ է` դա լինի մարտական դիրքում, թե խաղաղ ծառայության ընթացքում: Սա իրողություն է, որը չափվում է ոչ թե վիճակագրությամբ, այլ մարդկային ճակատագրերով․․․ Հավատացեք, անգամ մեկ զինվորի կորուստը մեր բանակի հզորությանը շոշափելի հարված է, և ըստ այդմ, մենք պարտադրված ենք անելու ամեն հնարավորն ու անհնարինը նման արտակարգ դեպքերից խուսափելու համար», - շեշտել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը:

Շաբաթ օրը անակնկալ այցով Ղարաբաղ մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի բնակչության անվտանգությունը ապահովելու համար պատրաստ է ամեն ինչ անել․ - «Եթե այսպես շարունակվի, ապա բանակի կողմից պատժիչ, պարտադրող գործողությունները ավելի խիստ են լինելու և շարունակվելու են»:

Այս գիշեր գնդակոծվել է նաև հայ-ադրբեջանական սահմանը: Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ Ղարաբաղի համեմատ Հայաստանի հատվածում կրակոցները քիչ են եղել։

Այսօր Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը․ դեկտեմբերի ընթացքում հայկական զինված ուժերը 7 զոհ են ունեցել։

«Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաև այլ միջոցներով ու այլ լեզվով: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը», - ասաց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:

Այսօր՝ Ալիև - Սարգսյան հանդիպումից երկու օր անց, պաշտոնական Բաքուն մերժել է սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմ ստեղծելու առաջարկը։ Արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պնդել է, թե «միջադեպեր չեն լինի, եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից»։

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով, ադրբեջանական կողմը լարվածությունը կպահպանի նաև 2016 թվականի ընթացքում: Ուստի ժամանակն է, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի պահվածքից հետևություններ անի և թիրախավորված հայտարարություններով հանդես գա․ - «Վստահ եմ, որ եթե թիրախավորումը գնա, և այդ ուղղությամբ նաև միջազգային հանրությունը իր ներդրումը բերի, միգուցե և Ադրբեջանը ավելի շուտ կհասկանա»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ), շեշտելով, որ ադրբեջանական կողմը նախագահների բանակցություններից մի քանի ժամ անց արդեն կրկին գնդակոծել է հայկական դիրքերը, հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ են լռում Մինսկի խմբի համանախագահները․ - «Ես կարծում եմ, որ գոնե այսօր հենց Մինսկի խմբի համանախագահները պետք է արձանագրեն, որ Ադրբեջանը մերժում է բանակցային գործընթացը և այն պայմանավորվածությունները, որի մասին հենց Մինսկի խումբը, համանախագահությունը հանդես է եկել Բեռնի հանդիպումից հետո»:

Հայ - ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին այսօր Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված իր ավիացիոն խումբը համալրելու մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդմամբ, Հայաստանի տարածք են տեղափոխվել Մի-24 և Մի-8 մակնիշի վեց ուղղաթիռներ: