Մատչելիության հղումներ

«Հակառակորդի ձախողումը մեր պատրաստության գործակիցն է»


Արծրուն Հովհաննիսյան, Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, արխիվ
Արծրուն Հովհաննիսյան, Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

ԼՂ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երեկ երեկոյան հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է 19-ամյա զինծառայող Կարեն Գրիգորյանը, ով Մասիսից էր զորակոչվել բանակ։ Անցած տասն օրերին սա արդեն հայկական կողմի չորրորդ զոհն է։

«Հակառակորդի սադրիչ գործողությունները անպատիժ չեն մնալու»,- հայտարարում է ԼՂ պաշտպանության բանակը՝ շարունակելով.- «Ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ չնայած տեղի ունեցած ողբերգությանը, ժողովուրդը խուճապի մեջ չէ։ «Լարվածություն, որպես այդպիսին, չկա։ Նորմալ վիճակ է, ինչպես Երևանում, այնպես էլ մնացած տեղերում, պարզապես, իհարկե՝ մարդիկ սգում են, որ կա զոհ։ Ուրիշ այդպես, ինչ- որ․․․ առավել ևս խուճապ չկա»։

Դավիթ Բաբայանը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրենց հանրության մեջ ատելություն սերմանել հայերի նկատմամբ՝ այդ կերպ ճգնելով շեղել մարդկանց ուշադրությունն իրենց իսկ ապօրինություններից ու մարդու իրավունքների համատարած խախտումներից։ «Պատասխան տալու ենք անկախ ամեն ինչից, դա չի ահաբեկելու մեզ»,- հավաստիացնում է ԼՂ ղեկավարի խոսնակը։

Հայ-ադրբեջանական սահմանագծում, ի համեմատ ղարաբաղյան առաջնագծի, իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի իրար հաջորդող խախտումները տպավորություն են ստեղծում, թե սահմանի այն կողմում չեն վախենում հայկական զինուժից և փորձում են իրավիճակը տանել պատերազմի։ Բայց եթե այդպես լիներ, Ադրբեջանը վաղուց կդիմեր այդ քայլին,- բխեցնում է Հովհաննիսյանը։

«Այսպես ասած՝ ամեն մի հերթական փուլը լարվածություն առաջացնելու իր նպատակին չի հասել: Ավելին՝ ամեն մի հերթական փուլից հետո ինքը վատ դրության մեջ է հայտնվել, կորուստներ է կրել, խնդիրներ է ունեցել սեփական հանրության հետ, իր նպատակադրած թիրախային խմբերի վրա համապատասխան ազդեցությունը չի երևացել, հետևաբար՝ փորձել է երևի ավելի մեծ սանձազերծումներ անել, որ ի վերջո իր նպատակին հասնի։ Վերջապես, այդ խախտումը հո ինքնանպատակ չէ, այդ խախտումը՝ այն էլ այսքան տրամաչափի զենքերի օգտագործումից հետո, հակառակորդը, բնական է չէ՞, որ որոշակի հստակ մարտական խնդիր է իր առջև դնում: Եվ այդ մարտական խնդիրն ինքը չի կատարում, իր չկատարելը մեր պատրաստության գործակիցն է»,- նշում է պաշտպանության նախարարի խոսնակը։

Փորձագետներից ոմանք կարծիք են հայտնում, որ իրավիճակի սրման վերջին փորձերը կապված են Սարգսյան-Ալիև ակնկալվող հանդիպման ու ռուս-թուրքական վատթարացած հարաբերությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG