Մատչելիության հղումներ

Շփման գծում դիվերսիայի հերթական փորձերը կասեցվել են․ զոհվել է ՊԲ երեք զինծառայող


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որոնց արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.)», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը՝ շարունակելով․ - «Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը նաև շեշտում է, որ հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու․ - «Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG