Նոր դիվերսիոն հարձակումը հետ մղելիս հայկական կողմը զոհեր է տվել

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Էդվարդ Նալբանդյանը «Ազատության» հետ զրույցում խստորեն դատապարտել է հարձակումները, ընդգծելով, որ դրանք տեղի են ունեցել Սարգսյան-Ալիև հանդիպման նախաշեմին։

Միայն անցած մեկ օրվա ընթացքում հայկական կողմը շփման գծում երեք զոհ է տվել: Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունները հետ մղելիս զոհվել են 19-ամյա զինծառայողներ Աղասի Գրիգորյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, ադրբեջանցիները առնվազն հինգ զոհ են տվել և նահանջել:

Հայկական կողմի երրորդ զոհը՝ պայմանագրային զինծառայող, 23-ամյա Գոռ Օհանյանը, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, մահացու վիրավորվել է «իր կողմից նռնականետից կրակոց արձակելու հետևանքով»:

Այսօր Քննչական կոմիտեն նաև հաղորդեց, որ քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից երկու հայ զինծառայողի սպանության առթիվ՝ տեղեկացնելով, որ «հրազենային վիրավորում են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնց վիճակը գնահատվում է ծանր»:

«Ազատության» խնդրանքով արձագանքելով սահմանին տեղի ունեցած այս նոր հարձակումներին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտեց ադրբեջանական կողմի գործողությունները, ընդգծելով, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վաղվա հանդիպման նախաշեմին։

«Յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ Ադրբեջանի սադրանքների հետևանքով հակամարտության գոտում լարվածության աճը օրինաչափություն է դարձել: Բաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով: Չնայած եռանախագահող երկրների՝ ուժի կիրառումը բացառելու բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը գնում է նոր արկածախնդրությունների։ Նման գործողություններով Բաքուն փորձում է շեղել բանակցային գործընթացը խաղաղության հաստատման և հիմնախնդրի կարգավորման նպատակից»,- ասաց Նալբանդյանը:

Ըստ արտգործնախարարի, այս իրավիճակում հրամայական են դարձել լարվածության նվազեցմանն ուղղված հստակ քայլերը: Դրանք են՝ եռանախագահների կողմից առաջարկվող՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելության ամրապնդումը, նրա դաշտային օգնականների թվի ավելացումը։ «Ակնկալում ենք, որ համանախագահ երկրները գործնական քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել: Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետի ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձևերն ու եղանակները, զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ համալրելու աշխատանքները:

Վերջին երկու տարիներին հակառակորդի կողմից սպանված հայ զինծառայողների թիվը շեշտակի աճել է: Միայն այս դեկտեմբերին, ըստ պաշտոնական տվյալների, ադրբեջանցիների կրակոցներից զոհվել է հայկական զինված ուժերի 6 զինծառայող:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության համաձայն, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, այս տարի արդեն իսկ ունենք 39 զոհ, ինչն աննախադեպ է նախորդ հինգ տարիների համեմատ՝ 2014թ․՝ 26 զոհ, 2013թ․՝ 5 զոհ, 2012թ․՝ 12 զոհ, 2011թ․՝ 11 զոհ:

Թեև պաշտոնական Բաքուն հստակ թվեր չի հաղորդում իր կորուստների մասին, բայց Հայաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ հակառակորդն ունի անհամեմատ ավելի շատ զոհեր, սակայն թաքցնում է իրականությունը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ կամ հետո ադրբեջանցիները սրում են իրավիճակը՝ ձգտելով այդ կերպ ազդել հայկական կողմի վրա:

«Ադրբեջանին նման քայլերի հրահրում է նաև Թուրքիան: Վերջերս, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել էր Թուրքիա, նրա մի շարք հայտարարություններ դրա լավագույն վկայությունն էին: Երկրորդը՝ Ադրբեջանի ներքին իրավիճակն է բարդ, և այս պարագայում սա նույնպես կլանին ստիպում է ավելի ագրեսիվ պահվածք ցուցաբերել նաև արտաքին ասպարեզում»,- «Ազատությանն» ասաց Բաբայանը:

Իրավիճակը սահմանին նկատելիորեն լարվեց անցած տարի օգոստոսին Սոչիում կայացած եռակողմ՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ: 2014թ․ հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի կրակից սպանվեց 8 հայ զինծառայող:

Անցած տարի հոկտեմբերին Փարիզում տեղի ունեցած Օլանդ-Սարգսյան-Ալիև հանդիպումից օրեր անց շփման գծում խոցվեց հայկական Մի-24 ուղղաթիռը, զոհվեցին անձնակազմի երեք անդամները:

Մարդկային կորուստներին զուգահեռ, կողմերը սկսեցին կիրառել ավելի ու ավելի մեծ տրամաչափի սպառազինություն: Եթե նախկինում դիպուկահարների պատերազմ էր, ապա նախորդ մեկուկես տարվա ընթացքում աստիճանաբար գործի դրվեցին 60, 82, 120 միլիմետր տրամաչափի զենքեր, իսկ օրերս ղարաբաղյան կողմը տեղեկացրեց, որ զինադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը տանկեր է գործադրել, որոնց հրանոթի տրամաչափը 125 միլիմետր է:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի խոսքով, երկու կողմերում զոհերի թվի աճի պատճառն ավելի մեծ տրամաչափի զենքերի գործադրումն է: «Քանի դեռ Ադրբեջանն ինչ-որ հաջողություն կարող է ունենալ կրակելով, նա շարունակելու է դա: Էդ կրակոցները պիտի սկսեն աշխատել իր դեմ և արդեն աշխատում են: Վերջերս մենք տեսնում ենք՝ տարբեր առաջարկներ են արվում, այդ թվում՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից․․․»,- ասաց քաղաքագետը:

Վերջին ամիսների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հակառակորդը սկսել է գնդակոծել խաղաղ բնակավայրերը: Տուժում է նաև խաղաղ բնակչությունը: Ի դեպ, այսօր առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտ ականի պայթունից վիրավորվել են Բաղանիսի երկու բնակիչներ: Ի հետևանք, բժիշկները ստիպված են եղել անդամահատել 1955թ․ ծնված Արտավազդ Կարապետյանի ոտքն ու ձեռքը, 1965թ․ ծնված Արշակ Սահակյանի ոտքը:

Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ Նարեկ Վանեսյանը «Ազատությանը» հայտնեց, որ վիրավորների վիճակն այս պահին նորմալ է: