Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են վարչապետը, պաշտպանության և ֆինանսների նախարարները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը և Զինված ուժերի հրամանատարական կազմը:
Ըստ հաղորդագրության, խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2014-2015 թվականներին անցկացված Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքները: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Զինված ուժերի 2016-2020 թվականների զարգացման պլանն ու Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձևերն ու եղանակները, Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու զարգացման հիմնական ուղղությունները, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով Զինված ուժերի շարունակական համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Անդրադարձ է եղել Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման նախորդ՝ 2011-2015 թվականների պետական ծրագրի իրագործմանը. արձանագրվել է, որ այն կատարվել է ամբողջությամբ:
Նախագահն ընդգծել է, որ հայկական բանակը գերժամանակակից տեխնիկայով լայնորեն համալրման գործընթացին համահունչ, անհրաժեշտ է նույնքան ուշադրություն դարձնել այդ տեխնիկայի օգտագործման մասնագիտական կարողությունների անընդհատ կատարելագործմանը: Նախագահը հանձնարարություններ է տվել Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման վերաբերյալ` սահմանելով պլանավորման ղեկավար փաստաթղթերի կատարման վերաբերյալ հաշվետվողականության ժամկետներն ու կարգը:
Պաշտպանության նախարարության ղեկավարությունը նախագահին վստահեցրել է, որ զարգացման պլանի և սպառազինության ծրագրի իրականացումը, Զինված ուժերում նոր մոտեցումների ու սկզբունքների արմատավորումը թույլ կտան զգալիորեն ավելացնել բանակի մարտական կարողությունները, ապահովել ժամանակակից չափանիշներին համապատասխան զարգացումը՝ շարունակելով իրականացնել Հայաստանի և Ղարաբաղի հուսալի պաշտպանությունը: