Ռոբերտ Քոչարյանը «թաքնված շատ մեծ ռիսկեր» է տեսնում սահմանադրական փոփոխություններում

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 5-ը սեպտեմբերի, 2015 թ․

Հայաստանի երկրորդ նախագահի կարծիքով, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում իշխանությունը կենտրոնացնել մեկ կուսակցության ձեռքում:

Գերմանական «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահը նշում է, թե «Հայաստանը՝ որպես կիսանախագահական Հանրապետություն առավել ֆունկցիոնալ է»․ - «Բայց այստեղ խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե՝ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Եվ ես կարծում եմ, որ այստեղ թաքնված շատ մեծ ռիսկեր կան: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում: Ինչի՞ դա կհանգեցնի: Մեր սեփական փորձը դա բավականին լավ ցույց է տվել: Ըստ էության սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը: Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, պայմանավորվել, գտնել առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ: Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում»:

Սահմանադրական փոփոխությունների կողմնակից ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն ընդունում Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած գնահատականները: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում նախ նկատեց, թե նախորդ հարցազրույցի համեմատ Քոչարյանն այս անգամ ավելի մեղմ գնահատականներ է տվել:

Հակադարձելով արդեն Քոչարյանին՝ Բաղդասարյանը նշեց, թե միակուսակցական համակարգը բացառվում է, քանի որ նախ առաջարկվում է վերացնել մեծամասնական ընտրարակարգը և ամբողջությամբ անցնել համամասնականի: Իսկ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ որևէ ուժ համամասնականով 40 տոկոսից ավելի քվե չի կարողանում հավաքել․ - «Իսկ ինչ մնում է երկրորդ փուլի հետ կապված, եթե նույնիսկ երկրորդ փուլի ընթացքում մի քաղաքական ուժ իննսունինը տոկոս ձայն է հավաքում, նույնպես նա չի կարող հիսունչորս տոկոսը գերազանցել: Դա պրակտիկորեն և տեսականորեն հնարավոր չէ: Այն արգումենտները, որը բերում է հանրապետության երկրորդ նախագահը միակուսակցականության հետ կապված, այդ արգումենտները մեր կողմից ընդունելի չեն: Ես չեմ ուզում կոպիտ պատասխաններ տալ, բայց ասում եմ, որ մեր ներկայացրած սահմանադրական փոփոխությունները չեն տանում դրան, ինչ որ այդ մեկնաբանություններում դրված է: Եթե նորից վերարտադրման խնդիր կամ հզորացման խնդիր լիներ, մենք կարող էին թողնել կիսանախագահականը, և 2017 թվականին Հայաստանի հանրապետական կուսակցությունը հավաքեր մեծամասնություն, և օրենքների միջոցով վարչապետի լիազորությունները մենք ուժեղացնեինք»:

Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ ասել՝ արդյո՞ք կիսում է հնչող տեսակետները, թե Ռոբերտ Քոչարյանը քննադատում է սահմանադրական փոփոխությունները, քանի որ դրանցով վերացվում է հզոր լծակներով օժտված նախագահի պաշտոնում իր վերընտրվելու հնարավորությունը․ - «Այդ հարցին ավելի հստակ կպատասխանի Ռոբերտ Քոչարյանը: Համենայնդեպս նման հավակնություններ իր ելույթների ժամանակ ես չեմ նկատել, բայց որ ինքը ակտիվ քաղաքականությունից չի հրաժարվում, դա փաստ է»:

Ռոբերտ Քոչարյանին նախագահական ընտրություններում սատարած Դաշնակցությունը նույնպես չի կիսում նրա հնչեցրած մտահոգությունները: Կուսակցության ղեկավար անդամ Աղվան Վարդանյանը նշեց, թե Քոչարյանի տեսակետները հարգելով հանդերձ, իրենք այլ կերպ են մտածում, մասնավորապես՝ որ այս փոփոխությունները նվազեցնում են մեկ ուժի մեծամասնություն դառնալու հնարավորությունը․ - «Խորհրդարանական կայուն մեծամասնություն, մեր գնահատականով և մեր վերլուծություններով, բացարձակապես չի նշանակում մեկ քաղաքական ուժի մեծամասնություն»:

Հարցին, թե արդյոք բացառվում է, որ իշխող ՀՀԿ-ն կկազմի մեծամասնությունը, Վարդանյանը պատասխանեց․ - «Մենք այս Սահմանադրությամբ էապես նվազեցրել ենք այդ հնարավորությունը: Հարյուր տոկոս համամասնականը ինքնին բավարար է դրա համար, բայց մենք ունենք նաև հսկայական աշխատանք այնպիսի Ընտրական օրենսգիրք մշակելու, որ հանկարծ նոր Ընտրական օրենսգիրքը թաքուն կամ բացահայտ առավելություն չտա որևէ քաղաքական ուժի»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի բարձրաձայնած մտահոգություններին՝ Աղվան Վարդանյանն ասաց․ - «Պարոն Քոչարյանը, այլ առիթներով խոսելով Սահմանադրության փոփոխությունների մասին, ասել է, որ, իր համոզմամբ, մոդելը կարևոր չէ, կարևոր է, թե ինչպես ես կառավարում երկիրը: Երկիրը կարելի է արդյունավետ կառավարել և՛ նախագահի աշխատասենյակից, և՛ վարչապետի աշխատասենյակից: Մենք այդպես չենք մտածում: Որքան էլ կարևոր է անձերի դերակատարությունը, այդուհանդերձ, մենք հավատում ենք համակարգերին, մեխանիզմներին և կարծում ենք, որ համակարգը պիտի թելադրի խաղի կանոնները»:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ հետևյալ պատճառաբանությամբ․ - «Կարծում եմ, որ այսօր մենք մեր ակտիվ «ոչ»-ի դիրքորոշումը առաջ ենք տանում, և ոչ թե մենք պետք է մեկնաբանենք գործընթացից բացակա քաղաքական ուժերի կամ գործիչների հայտարարությունները, այլ իրենք՝ մերը»: