«Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կներկայացնի սահմանադրական հանրաքվեն չեղյալ հայտարարելու իր հիմնավորումները:
Պնդելով, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը չի լսել իրենց առաջարկները, Հայրիկյանը դիմել էր դատարան: Այժմ էլ որոշել է ԿԸՀ-ի դիմաց ներկայացնել իր հիմնավորումները, որովհետև կարծում է, որ այս փուլում հանրաքվեն կասեցնելը հենց այդ կառույցի պարտականությունն է:
«Այսօր սահմանադրական դավադրության գործընթացը հասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Վերաքննիչ վարչական դատարանը այսօր իր վարույթ ընդունեց Սահմանադրության խախտման հետ կապված իրավական գործը, և էստեղ առողջ տրամաբանությունը պարտավորեցնում է, քանի որ գործը դատարանում է, ինչպես բոլոր գործերում է ընդունված, եթե գործը դատարանում է, ուրեմն՝ գործընթացը կասեցվում է», - չորեքշաբթի երեկոյան «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԻՄ-ի նախագահը:
«Ազատության» հարցին, թե դատարանի միջոցով ի՞նչ է պահանջում արդեն չգործող մասնագիտական հանձնաժողովից, Պարույր Հայրիկյանն արձագանքեց․ - «Ինքը ստեղծվել է, որպեսզի նախագիծ մշակի, և այս Սահմանադրության խախտմամբ մշակած իր նախագիծը ընթացքի մեջ է: Հիմա, խախտումն ո՞վ է արել՝ թող ուրեմն նա էլ իր սխալն ուղղի: Սահմանադրության 27․1 հոդվածով՝ առաջարկները պետք է պատշաճ վերաբերմունքի արժանանան, իսկ իրենք մեր առաջարկից փախել են, հրավիրել են նույնիսկ քննարկման ու վերջում փախել են»:
«Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը պատշաճ չի գործել», - պնդում է Հայրիկյանն ու հիշեցնում, որ այս հարցով դիմել էին երկրի նախագահին: Գլխավոր դատախազին էլ դիմել էին մասնագիտական հանձնաժողովի անդամներին պատասխանատվության կանչելու համար՝ առայսօր պատասխան չունի: «Բայց քանի որ դատախազը ինքն էլ էդ հանձնաժողովի անդամներից մեկն էր՝ ևս մեկ խախտում, ինքը իր նկատմամբ քրեական կամ քաղաքացիական կամ, չգիտեմ, որևէ գործ հարուցելու էդպիսի բարձրությունը չունեցավ: Նախագահի՝ իր տեղում չլինելու մասին ես վաղուց եմ դիրքորոշում արտահայտել, ես հորդորել եմ, որ «դու պիտի հրաժարական տաս որպես ձախողակ քաղաքական գործիչ», - հայտարարեց ԱԻՄ-ի նախագահը:
«Ազատության» հարցին էլ, թե «Ոչ»-ի ճակատում ընդգրկված քաղաքական ուժերն արդյոք միացե՞լ են իր նախաձեռնությանը, Հայրիկյանն արձագանքեց՝ նոյեմբերի 18-ին պաշտոնապես կհրավիրեն «Ոչ»-ի ճակատի երկու դաշինքներին ու իշխող Հանրապետական կուսակցության ազնիվ անդամներին: «Կհրավիրենք քաղաքացիներին, բայց կհրավիրենք նաև հանրապետականների ազնիվ մարդկանց, որովհետև խոսքը չի վերաբերում՝ այս նախագծին մենք կողմ ենք թե դեմ ենք, դա այլ հարց է՝ կարող ես կողմ լինել կամ դեմ լինել, բայց խախտվել է Սահմանադրությունը, և սա բոլորի խնդիրն է», - ընդգծեց ԱԻՄ-ի առաջնորդը: