Ֆրանսիան «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչությանը պատասխանում է ներքին և արտաքին հակաքայլերով:
Ֆրանսիայի օդուժը Սիրիայի Ռաքքա քաղաքում 20 հարված հասցրել «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ։
Թուրքիայի Անթալիա նահանգում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցող Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը բացատրել է՝ իր պետությունն արձագանքել է՝ ելնելով ինքնապաշտպանության անհրաժեշտությունից: «Ֆրանսիան չի կարող առանց արձագանքի թողնել «Իսլամական պետության» հարձակումները», - ասել է նա:
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ֆրանսիան օդային հարվածները սկսեց Փարիզում 132 մարդու կյանք խլած` իսլամիստների միաժամանակյա ահաբեկչական գործողությունների հետևանքով: Ֆրանսիան միևնույն ժամանակ ուժերը կենտրոնացրել է ծայրահեղական ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցողներին բացահայտելու և վնասազերծելու նպատակով:
«Մենք գիտենք, որ գործողությունները նախապատրաստված են եղել և այժմ էլ նախապատրաստվում են՝ ոչ միայն ընդդեմ Ֆրանսիայի, այլև եվրոպական այլ երկրների»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը տեղեկացրել է ծայրահեղական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով 23 անձի ձերբակալության, 31 միավոր զենքի առգրավման մասին: Ըստ նախարարի՝ անցած գիշեր իրավապահներն իրականացրել են ստուգումներ շուրջ 170 բնակավայրերում, 104 մարդ 48-ժամյա տնային կալանքի է ենթարկվել: Ներքին գործերի նախարարը զգուշացրել է․ - «Սա դեռ սկիզբն է, այս գործողությունները կշարունակվեն: Պետության պատասխանը կլինի ուժեղ, կլինի ամբողջական»:
Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարել է, որ համարժեք միջոցառումներ են ձեռնարկվել՝ հայտնաբերելու և ձերբակալելու Բելգիայում ծնված 26-ամյա Սալահ Աբդեսլամ անուն-ազգանունով անձնավորությանը, որը կասկածվում է Փարիզի արյունալի հարձակումներին առնչություն ունենալու մեջ: Նրա եղբայրը եղել է մահապարտ ահաբեկիչներից մեկը։ Սալահ Աբդեսլամը, ըստ BBC-ի, փարիզյան ահաբեկչությունից հետո հատել է սահմանը․ ոստիկանությունը մի պահ կանգնեցրել է նրան, կասկածելի ոչինչ չեն գտել և ազատ են արձակել: Ֆրանսիական ոստիկանությունը տարածել է նրա լուսանկարը: Բելգիական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանությունը շրջապատել է այն տարածքները, որտեղ, հավանական է, թաքնվում է Աբդեսլամը:
Ոստիկանությունը հատուկ գործողություններ շարունակում է նաև բելգիական Մոլենբեյք բնակավայրում։ Բելգիայի ներքին գործերի նախարարի հայտարարության համաձայն՝ 100 հազար բնակչություն ունեցող այս տարածքում շուրջ 1/3-ը մահմեդականներ են, և բնակավայրը դարձել է Եվրոպայում «իսլամիստների մայրաքաղաքը»:
Բելգիայի գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը, որ Փարիզի վրա տեղի ունեցած հարձակման գործով կասկածվող յոթ անձանցից հինգը ձերբակալվել է, հետո՝ ազատ արձակվել:
«Ֆրանս 24»-ի փոխանցմամբ, Փարիզի վրա հարձակումներին մասնակցած ութ մահապարտ ահաբեկիչներից հինգի ինքնությունը բացահայտվել է: Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունները կազմակերպվել են Սիրիայում:
Միգրանտների հարցը՝ փարիզյան ահաբեկչություններից հետո
Եվրամիության արտաքին գործերի նախարարների բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունները գնահատել է որպես հարձակում Եվրոպայի վրա: «Դա անկասկած հարձակում էր ոչ միայն Ֆրանսիայի, Փարիզում ապրող մարդկանց, այլև՝ հարձակում էր Եվրոպայի, եվրոպական ապրելակերպի վրա»։
Հանը միևնույն ժամանակ կոչ է արել ահաբեկչական հարձակումները չխառնել միգրանտների և փախստականների հարցերի հետ։ «Սրանք երկու տարբեր հարցեր են»,- ասել է նա։
Մինչդեռ Ֆրանսիայի Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ֆրանսիայում փախստականներին ընդունելու գործողությունները՝ առաջարկը մեկնաբանելով Ֆրանսիայի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ: