Մարգվելաշվիլի․ «Ռուսթավի 2»-ի շուրջ կացությունը հարված է Վրաստանի միջազգային վարկին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր հեռուստաընկերության` «Ռուսթավի 2»-ի շուրջ շարունակվող սկանդալային զարգացումները կրկին ստիպեցին երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին առճակատման մեջ մտնել իշխող «Վրացական երազանք» դաշինքի ղեկավարների հետ:

Ուրբաթ երեկոյան Մարգվելաշվիլին Հավլաբարում գտնվող իր նստավայրում հանդես եկավ հատուկ հայտարարությամբ: «Ռուսթավի 2»-ի շուրջ ստեղծված կացությունը լուրջ հարված է մեր երկրի ժողովրդավարական իմիջի և միջազգային վարկի համար: Ես կոչ եմ անում, որպեսզի հեռուստաընկերության շուրջ վերջին զարգացումները մեկնաբանելիս իշխող կոալիցիան չսահմանափակվի զուտ ձևական հայտարարություններով: Հարկավոր է քայլեր ձեռնարկել ի պաշտպանություն Վրաստանի ժողովրդավարական իմիջի», - ասում էր Վրաստանի նախագահը:

Մարգվելաշվիլիի հայտարարությունը հնչեց Թբիլիսիի քաղաքային դատարանի վճռի հրապարակումից հետո, որով, հիշեցնենք, «Ռուսթավի 2»-ում ժամանակավոր ղեկավարություն էր նշանակվում` որպես հիմք ընդունելով նույն դատարանի մեկ այլ որոշումը, որով ընդդիմադիր լրատվամիջոցի բաժնետոմսերը փոխանցվում էին գործարար Կիբար Խալվաշիին:

«Ռուսթավի 2»-ի իրավաբանները, սակայն, անցնող շաբաթասկզբին առանձին հայցով դիմել էին երկրի բարձրագույն դատական ատյան`պահանջելով, որպեսզի քրեադատավարական օրենսգրքի այն դրույթը, որով դատավճիռներն ուժի մեջ են մտնում մինչև բողոքարկման փուլի ավարտը, ճանաչվի հակասահմանադրական: Վրաստանի Սահմանադրական դատարանը այս դիմումը պաշտոնապես վարույթ ընդունեց, ինչը, վրաց իրավաբաններից շատերի կարծիքով, նշանակում էր, որ «Ռուսթավի-2»-ի ղեկավարության փոփոխություն չի կարող իրականացվել մինչև բարձրագույն ատյանի կողմից հայցի քննության ավարտը:

Այս տեսակետին են հակված նաև Արևմուտքում: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին հստակ նախազգուշացում հղեց վրացական իշխանություններին:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է «Ռուսթավի 2»-ի շուրջ ստեղծված կացության առթիվ: Այս ողջ պատմությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Վրաստանում լրատվամիջոցների ազատության, քաղաքական բազմակարծության և դատական համակարգի անկախության ընդհանուր վիճակի վրա: Ավելին, մինչև դատավճռի բողոքարկման փուլի ավարտը ընկերության ղեկավարության փոփոխության ցանկացած փորձ կարող է քաղաքական լուրջ հետևանքներ ունենալ», - հայտարարում էր Պետքարտուղարության ներկայացուցիչը: