Ազատ արձակվեց «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածներից ևս մեկը

Արմեն Հովհաննիսյանին ՔԿՀ-ի մոտ դիմավորում են հարազատներն ու մտերիմները:

20 տարի Հայաստանի զինված ուժերում ծառայած մայոր Հովհանիսյանը ճաղերի հետևում էր հայտնվել 2 տարի առաջ ճիշտ այս օրը՝ Մաշտոցի պողոտայում ոստիկանների հետ բախումներից հետո՝ հետագայում դատապարտվելով խուլիգանության համար։

2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ քաղաքական կոչերով փողոց դուրս եկած Արմեն Հովհանիսյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման և ազատ է արձակվել պատիժն ամբողջությամբ կրելուց հետո:

Ինչպես քննության ամբողջ ընթացքում, այնպես էլ այսօր Հովհաննիսյանը պնդում է՝ ինքն ու ընկերները դատարանի առջև կանգնեցին քաղաքական հայացքների համար և պատժվեցին իշխանության հրամանով: - «Սա ի՞նչ պատիժ: Իրանք ինձ չեն կարա պատժեն․ ընդամենը ռեժիմը ինձ ապօրինաբար զրկեց որոշակի ժամանակով ազատ տեղաշարժվելու իրավունքից, զրկեց ին ընտանիքի, իմ հարազատների հետ լինելուց: Բայց ոչ մի ակնթարթ այդ երկու տարվա ընթացքում ես ինձ ազատազրկված չեմ զգացել: Որովհետև ոչ ոք ու ոչ մի հանգամանք չի կարող ինձ զրկել մտքի, խոսքի և իմ քաղաքացիական դիրքորոշման իրավունքից», - նշեց նա:

Հովհաննիսյանն «Արժեքների հեղափոխության» գործով արդեն երրորդ ազատ արձակվածն է․ 9-ը դեռ շարունակում են մնալ ճաղերից այն կողմ, այդ թվում նաև 6 տարվա ազատազրկման դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։

Երկու տարի առաջ իրենց սկսած պայքարը, Հովհաննիսյանի խոսքով, չի ավարտվել․ - «Ընկերներին չեն դավաճանում ու թշնամու գերության մեջ չեն թողնում: Դեռ ճաղավանդակների հետևում են գտնվում և՛ իմ ընկերները, և՛ Հայկ Կյուրեղյանը, և՛ Վոլոդյա Ավետիսյանը: 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում ունենալ քաղբանտարկյալներ, դա ողբերգություն է»:

Հովհաննիսյանի խոսքով, ընդդիմադիր դիրքորոշման համար քրեակատարողական հիմնարկում վատ կամ առանձնակի վերաբերմունքի չի արժանանացել, բողոքներ չի լսել նաև Շանթ Հարությունյանից։

Սպառելով ներպետական ատյանները՝ Շանթ Հարությունյանի փաստաբանը 2 ամիս առաջ բողոք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքերից բացի, փաստաբանն ընդծել է նաև, որ խախտվել է ամբաստանյալների անմեղության կանխավարկածը, և հիշատակել նախքան դատավճիռը Կոլումբիայի համալսարանում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Շանթն ու իր ընկերները պետք է դատապարտվեն, քանի որ հանցագործ են։

Ուշագրավ է, որ ՄԻԵԴ-ը այս գործը վարույթ ընդունեց 15 օրվա ընթացքում, ինչը, ըստ փաստաբանների, արտառոց է։

Հովհաննիսյանին դիմավորելու եկած իրավապաշտպան Ֆելիքս Հայրապետյանն ասաց․ - «Մեր ներսում միայն մի ցանկություն էր․ ի դեմս Արմենի, մենք սպասում ենք, նկարում ենք մեր մտքում այն պահը, երբ մյուսներն էլ դուրս կգան, և մենք իրենց կդիմավորենք»: