Մատչելիության հղումներ

Կյուրեղյանի արդար դատաքննության իրավունքն «ամբողջությամբ խախտված է»


Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում: 12-ը հունիսի, 2014թ.
Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում: 12-ը հունիսի, 2014թ.

Հայկ Կյուրեղյանը բողոքարկել է իրեն 9 տարվա ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատարանի վճիռը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի բակում օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը բողոքարկել է իրեն 9 տարվա ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատարանի վճիռը՝ չնայած դատավարության ընթացքում դատարանի նկատմամբ ցուցաբերած բացահայտ անվստահությանը։

Դատարանն անվանելով «ռեժիմի դատարան», «ինքնակոչ կառավարության խամաճիկ»՝ Կյուրեղյանը 11 ամիս ոտքի չկանգնեց դատավորին դիմավորելու համար։ Նա ասում էր, թե դատարանները արդարադատություն իրականացնելու փոխարեն զբաղված են ռեժիմի պատվերները կատարելով, դրա համար էլ «հարգանքի տեղ չի մնացել»։

Վերաքննիչ դատարան դիմելը, ըստ Կյուրեղյանի ընտանիքի, 32-ամյա երիտասարդի բողոքի ակցիայի շարունակությունն է, նրա հոր՝ Արմենակ Կյուրեղյանի ձևակերպմամբ՝ «որպեսզի ցույց տրվի մեր Հայաստանի Հանրապետության դատական համակարգի ողջ սնանկությունը»:

Հիշեցնենք, դատարանում ոտքի չկանգնելը առիթ եղավ, որպեսզի դատավոր Բեկթաշյանը ամեն անգամ դահլիճից հեռացներ Կյուրեղյանին․ նիստերը շարունակվում էին նրա բացակայությամբ՝ չնայած երիտասարդը ի սկզբանե հրաժարվել էր փաստաբանից:

Եվ ահա վերաքննիչ բողոքում նշված է, որ առաջին ատյանն ամբողջությամբ խախտել է նրա արդար դատաքննության իրավունքը, հնարավորություն չի տրվել մասնակցել իրեն վերաբերող քրեական գործին, իրականացնել անձամբ իրեն պաշտպանելու իրավունքը, որը երաշխավորված է միջազգային փաստաթղթերով։

Բացի այդ, ըստ բողոքի, գործը չի քննվել անաչառ դատարանի կողմից․ դատավոր Բեկթաշյանը ցուցաբերել է անհավասարակշիռ կեցվածք, անհանդուրժողականություն՝ Կյուրեղյանի ոտքի չկանգնելը ընկալելով ոչ թե դատական համակարգի, այլ իր անձի դեմ ուղղված գործողություն։

Դիմող կողմը պահանջում է բեկանել մեղադրյալի իրավունքների համատարած խախտումներով կայացված դատավճիռը։

«Շանթ և ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը համոզված է․ - «Հարկավոր է դիմել, որովհետև մեր դատական համակարգի այդ տարօրինակ շարքը պետք է անցնել, Եվրադատարան հասնել»:

Շանթ Հարությունյանի և մյուս ընդդիմադիրների գործով առաջին նիստի օրը բակում տասնյակ հավաքվածների աչքի առաջ մեքենայի վրա բարձրանալու և օդամղիչ ատրճանակից իրավապահների ուղղությամբ կրակոցներ արձակելու՝ Հայկ Կյուրեղյանի գործողությունները և՛ նախաքննական մարմինը, և՛ դատարանը համարել են ծանր հանցագործություն՝ «խուլիգանություն» ու ոստիկանների նկատմամբ «վտանգավոր բռնություն»։

Գործում չներգրավված, բայց դատավարությանը հետևած փաստաբաններից շատերը նրա արարքում խուլիգանություն չեն տեսնում՝ դա համարելով ընդամենը բողոքի յուրօրինակ ակցիա:

«Ակնհայտ է, որ Կյուրեղյանի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերվեց ՝ հատուկ ցույց տալու համար, որ քաղաքական դրդապատճառներով բողոքի դրսևորումները ճնշվելու են շատ խիստ ձևով», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հարցադրումներին, թե ինչպես կվարվեին արևմտյան քաղաքակիրթ երկրների իրավապահները, եթե քաղաքացին ինչ-որ ատրճանակից կրակոցներ արձակեր բազմության մեջ, Վարոսյանը հակադարձեց. - «Վնասազերծման համար գուցեև ավելի խիստ միջոցներ ձեռնարկվեին այդ պահին իր նկատմամբ: Բայց եթե չի ձեռնարկվել, նրան այնտեղից բերման են ենթարկում, բերման ենթարկելու ընթացքում բռնություն են գործադրում նրա նկատմամբ, բերում են ոստիկանության բաժին, մի հատ էլ այստեղ են բռնություն գործադրում նրա նկատմամբ, հետո էլ իր արարքը, ի թիվ այլ հանցակազմերի, որակում են նաև խուլիգանություն և նման խիստ պատժաչափով նրան դատապարտում են, այս ամեն ինչը հաստատ ձեր մատնանշած նորմալ երկրներում չէր լինի»:

Իրավապաշտպանները զուգահեռներ են անցկացնում այս և աղմկոտ գործերով վերջերս արձակված մի շարք այլ վճիռների միջև։

«Մեր մոտ մարդիկ կան, որ մարդասպանություն են անում, փորձ են անում մարդասպանության, հասարակական վայրերում կրակում են և մի քանի հոգու վիրավորում են, բայց հաջողությամբ գնում են, շատ ավելի կարճ ժամկետներով դատապարտվում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ֆելիքս Խաչատրյանը:

Հիշեցնենք, պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան ապօրինի զենքից 5 հոգու վիրավորելու մեղադրանքներով օրերս դատապարտվեց 6.5 տարվա ազատազրկման, իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին կրկին ազատվեց քրեական պատասխանատվությունից. Տիգրան Խաչատրյանի վրայից հանվեց Հարություն Զաքարյանի աչքը կուրացնելու մեղադրանքը։

XS
SM
MD
LG