Ադրբեջանի անվտանգության նախարարությունում շաբաթասկզբին մեկնարկած կադրային ջարդը շարունակվում է. այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախարարության ևս 9 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում չորս գեներալներ հեռացվել են աշխատանքից։ Նրանց նկատմամբ ևս հնարավոր է քրեական գործ հարուցվի։
Մինչ գլխավոր դատախազությունը լռում է այս մասին, ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը ներկայացնում է պաշտոնյաների ցուցակը, որի համաձայն՝ իրենց պաշտոններից զրկվել են անդրազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի վարչության պետ գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանովը, գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Փարվիզ Սաֆարովը, զինվորական զորամասի հրամանատար գեներալ-մայոր Վուգար Ալլահգուլիևը, օդանավակայանների գծով վարչության պետ Փարվիզ Վելիևը, կադրերի վարչության պետի տեղակալ գնդապետ Թեհրան Բաբաթովը, ինչպես նաև նախարարության երեք շրջանային վարչությունների պետերը:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նախարարությունում փաստացի գործել է կազմակերպված հանցավոր խումբ, որը մի շարք ծանր հանցագործություններ է իրականացրել, մասնավորապես՝ խոշտանգումների և շանտաժի միջոցով բիզնեսներ զավթել։
«Թուրան» գործակալության հետ զրույցում իրադարձություններին մոտ կանգնած անանուն աղբյուրը հայտնել է, որ նախարարությունում կադրային զտումը դեռ կշարունակվի։
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում կադրային ջարդը սկսվեց այն բանից հետո, երբ անցած կիրակի նախագահի հրամանագրով անակնկալ կերպով պաշտոնանկ արվեց այդ գերատեսչության ղեկավար Էլդար Մահմուդովը։ Պաշտոնանկությանը հաջորդեց երկրի իրավապահների հատուկ գործողությունների շարք, ինչի արդյունքում էլ ձերբակալվեցին նախարարության մի խումբ աշխատակիցներ, որոնց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Երկրի գլխավոր դատախազությունը, մինչդեռ, հերքում է լրատվամիջոցների պնդումները, թե բոլոր ձերբակալվածները բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Դատախազության պաշտոնական հաղորդագրությունում որևէ անդրադարձ չկա նաև նախկին նախարար Էլդար Մահմուդովի մասին։ Վերջինիս ներկայիս կարգավիճակը անհայտ է։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության նախարարության շուրջ աննախադեպ սկանդալը Ադրբեջանում այս օրերին ամենաքննարկվող թեման է. մամուլում, տրանսպորտում ու անգամ «չայխանայում» (թեյարան) փորձում են հասկանալ, թե ինչ է արել Ալիևի մտերիմ ընկեր, Ադրբեջանի թիվ մեկ ընտանիքի հետ խնամիական կապեր ունեցող Մահմուդովը, որ նման վերաբերմունքի է արժանանում։
Վարկածները տարբեր են. ամենատարածվածը թերևս այն է, որ աղմկահարույց այդ պաշտոնանկություններն ու ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Այդ վարկածի համաձայն՝ պաշտոնանկ արված նախարարը առավել բարձր պաշտոն ստանձնելու հավակնություններ ուներ, ինչին հասնելու համար էլ գործի էր դրել երկրի ամենազորեղ գերատեսչությունը՝ հարուցելով անձամբ Իլհամ Ալիևի զայրույթը։ Որոշ անանուն վկայությունների համաձայն, Ազգային անվտանգության նախարարությունը վերահսկողության տակ էր պահում երկրի գործարար միջավայրը՝ տարբեր ճանապարհներով փորձելով տիրանալ խոշոր գումարների։