Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԱ նախարարի պաշտոնանկության պատճառները՝ 11 տարի անց


Էլդար Մահմուդով, արխիվ
Էլդար Մահմուդով, արխիվ

Ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցցանցերում ակտիվորեն քննարկում են նախարարի անսպասելի պաշտոնանկությունը:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի պաշտոնից Էլդար Մահմուդովին ազատելու որոշման կապակցությամբ առայժմ շրջանառվում են վարկածներ:

Դեռևս պաշտոնապես չեն հաստատվել տեղեկությունները, թե արդեն նախկին նախարարը ձերբակալվել է, և որ նրա ղեկավարած գերատեսչության մի քանի աշխատակիցների ձերբակալության պատճառը որոշ շրջանակների գաղտնալսումներն են:

Ադրբեջանական լրատվամիջոցները շաբաթ օրը հրապարակեցին տեղեկատվություն, ըստ որի՝ 2004 թվականից ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մահմուդովն ազատվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով:

Փորձագետները նշում են, որ Ադրբեջանի նախագահը չի սիրում փոփոխել իր կադրերին, Մահմուդովն Ալիևի հետ սերտ հարաբերություններ է ունեցել դեռ երիտասարդ տարիներից, նրա վստահելին է եղել, իսկ վերջերս ավելի էր սերտացրել կապերը երկրի ղեկավարի հետ՝ որդուն ամուսնացնելով նախագահի զարմուհու հետ:

Վերլուծաբաններն ուշագրավ են համարում, որ Ալիևը Մահմուդովին պաշտոնանկ արեց խորհրդարանի ընտրություններին ընդառաջ, և ընդգծում են, մասնավորապես, ազգային անվտանգության նախարարությունում նոր կազմի ձևավորման հնարավոր բարդությունները ընտրական շրջանում՝ ներքաղաքական զանազան հարցերի ֆոնին:

Contact.az կայքը մեջբերում է Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամեդովի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի՝ առաջին դեպքը չէ, որ Էլդար Մահմուդովն արժանանում է երկրի ղեկավարի ոչ սիրալիր վերաբերմունքին:

«Եղել է դեպք, երբ նա շանտաժի ճանապարհով շատ մեծ գումար է վերցրել մի գործարար կառույցից, այդ մասին իմացել է Իլհամ Ալիևը: Այն ժամանակ մազից էր կախված նրա պաշտոնանկությունը, բայց նա կառչեց պաշտոնից՝ վճարելով խոշոր տուգանք: Բացի այդ, Մահմուդովը խոշոր գումար էր վերցրել միջազգային բանկից և գումարի մեծ մասը մսխել է, սահմանված ժամկետում չի կարողացել վերադարձնել», - Contact.az-ի փոխանցմամբ՝ գրել է Արիֆ Մամեդովը:

Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին աշխատակից և փորձագետ Արաստուն Օրուջլուն ևս իր մեկնաբանության մեջ նշել է, որ նախարարի պաշտոնից Մահմուդովին ազատելու պատճառը ֆինանսական արկածախնդրությունն է: Փորձագետը հրապարակել է տեղեկություն, ըստ որի, ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնելով՝ Մահմուդովն իր աշխատակիցների միջոցով գումար է ներդրել Ռուսաստանում, սակայն այդ գումարը փոշիացել է, որպես պատճառ պաշտոնյան նշել է Ռուսաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամը: Բացի այդ, ինչպես փոխանցում է ադրբեջանակական կայքը՝ վկայակոչելով Օրուջլուի պնդումները, Մահմուդովն իր թուրք գործընկերոջ՝ հայտնի միլիարդատիրոջ միջոցով հասել է Ռեջեփ Էրդողանի շրջապատ և փորձել ստանալ Թուրքիայի նախագահի աջակցությունը Ադրբեջանի վարչապետի պաշտոնին արժանանալու հարցում: Իսկ Ալիևին այդ ամենը դուր չի եղել, ըստ հրապարակված վարկածի:

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև նշում են, որ երեկ՝ կիրակի օրը Ալիևը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որին մի շարք պաշտոնյաներ, ըստ լրագրողների, ներկայացել են թղթապանակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG