«Սերժ Սարգսյանը մեզ օգնում է հայտնի ֆոտոսեսիայով». Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյան

Անկախության տոնին ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան»-ի հրավիրած միջոցառումն անցավ սահմանադրական փոփոխությունները տապալելու կարգախոսներով:

Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանը վաղուց արդեն որոշել է հանրաքվեի արդյունքները, ուստի «ոչ»-ի շուրջ միավորված ուժերը պետք է իշխանափոխության վրա կենտրոնանան։

«Դաշտի մաքրման իմաստով Սերժ Սարգսյանը մեզ օգնում է հայտնի իր ֆոտոսեսիայով։ Բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես մարդիկ ստրուկի նման գնում-խոնարհվում են խանի առաջ։ Հուսով եմ, որ առաջիկա օրերին վերջապես կձևավորվի ընդդիմադիր մի կորիզ, որը իր առաջ կդնի այս ռեժիմից ձերբազատվելը, 100-ամյակը առանց ռեժիմի օրակարգը մնում է։ Ես մեծ հույսեր ունեմ, որ մենք այս տարի իսկ դա կարողանալու ենք իրականացնել։ Այ, սրանից է սարսափում ռեժիմը»,- ասաց Սեֆիլյանը։

Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով գարնանը կալանավորված Սեֆիլյանը պնդում է՝ իշխանափոխության հնարավոր է հասնել միայն փողոցային պայքարով՝ մերժելով այս համակարգի կողմից անցկացվող ընտրությունները.- «Ժողովուրդը իրավունք ունի իր կամքը պարտադրելու բռնատիրությանը։ Սա միջազգայնորեն, մարդու իրավունքների շրջանակում ընդունված նորմ է։ Ժողովուրդը պիտի դուրս գա փողոց, պիտի կազմակերպված ձևով ցուցաբերի քաղաքացիական անհնազանդության տարաբնույթ գործողություններ և այդ ճնշման ներքո ստիպի այս ռեժիմի տապալումը։ Եթե խաղաղ կերպով փողոց դուրս եկած ժողովրդի վրա բռնություն կիրառվի, ժողովուրդը իրավունք ունի պաշտպանվելու։ Եվ այս անգամ մենք, լինելով այդ ընդդիմադիր կորիզում, թույլ չենք տա, որ մեր ժողովուրդը մնա անպաշտպան»։

Րաֆֆի Հովհաննիսյանը ևս հեղափոխության կոչ արեց ընդդիմադիրների հավաքի ամբիոնից։ «Ժառանգության» առաջնորդի խոսքով, սահմանադրական փոփոխությունների՝ Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը հարմար առիթ է դրա համար։

«Շարունակվող անարդարություն, աղքատություն, արտագաղթ և հիմա արդեն կուսակցապետություն-գուբերնիայի պաշտոնականացման վտանգ՝ արդեն փաստաթղթային տեսքով։ Եվ դրա համար մեր ժողովուրդը՝ մեր գործիչներով, կուսակցություններով հոսանքներով հանդերձ, իսկապես պիտի այդ հանձնառությունը ի կատար ածի»,- ասաց Հովհաննիսյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ չի մեկնաբանում իր գլխավորած կուսակցությունում ստեղծված իրավիճակը՝ Ռուբիկ Հակոբյանի հեռանալը, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի այցը նախագահական: Փոխարենը Հովհաննիսյանն արձագանքեց հանրապետական Մարգարիտ Եսայանի՝ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած հարցադրմանը՝ «ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը».- «Ցանկացած այն մեկը, այն քաղաքացին, այն հայն ու հայաստանցին, որն ընտրված է ժողովրդի կողմից՝ անկախ իր անունից»,- ասաց Հովհաննիսյանը։

«Ոչ»-ի շարժմանը միացած Պարույր Հայրիկյանը նույնպես մասնակցում էր ընդդիմադիրների հավաքին, ԱԻՄ առաջնորդը պատրաստ է հանրահավաքային պայքարի.- «Մենք պիտի ազատ Հայաստանի համար պայքարը ոչ մի օր չհետաձգենք՝ մի կողմ նետելով բոլոր տարաձայնությունները»։

«Հիմնադիր խորհրդարան»-ը հենց սեպտեմբերի 21-ն է հռչակել սահմանադրական փոփոխությունները տապալելու միասնական ճակատի ձևավորման վերջնաժամկետ։

«Սահմանադրական հեղաշրջում իրականացնելով՝ իշխանությունը զավթած օլիգարխիկ խմբակը ոչ միայն արտաքին վտանգների է ենթարկում հայրենիքի ապագան։ Փորձելով կայունացնել և օրինականության տեսք հաղորդել իր կուսակցապետական բռնապետությանը՝ այն նաև դուռ է բացում դեպի քաղաքացիների իրավունքների և ազատությունների զանգվածային ոտնահարումները և բռնությունները»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։

«Ոչ»-ի շարժումն առաջիկա ուրբաթ հանրահավաք է անցկացնելու Գյումրիում. նախաձեռնությանը միացած ուժերից, սակայն, առայժմ միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ն են հայտարարում, որ այդ օրը ամբիոն են բարձրանալու: