Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանը դեմ է Սահմանադրության փոփոխությանը, բայց «Ոչ»-ի ճակատին չի միանա


Սահմանադրական փոփոխությունների շուրջ «Ազատությունը» զրուցել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ։

«Ազատություն».- Պարոն Սարգսյան, սկսվել է սահմանադրական բարեփոխումների շուրջ գործընթացը, Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է, միանալո՞ւ եք «Ոչ»-ի ճակատին, թե՞ Ձեզ կտեսնենք իշխանությունների «Այո»-ի ճակատում։

Սարգսյան.- Մենք միանշանակ «ոչ»-ի կողմնակիցն ենք և ակտիվ «ոչ» ենք քարոզելու։ Մենք չենք ընդունում իշխանությունների «այո»-ն և «Ոչ»-ի ընդհանուր ճակատում չենք, որովհետև այնտեղ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք բացարձակապես տարբեր մոտեցումներ ունեն երկրի զարգացման ուղիների վերաբերյալ։ «Հանրապետություն» կուսակցությունը ամրագրել է, որ մենք այսուհետ չենք համագործակցելու այն ուժերի հետ, որոնք մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետ առնչություն ունեն, և չենք համագործակցելու այն ուժերի հետ, որոնք Եվրասիական միության անդամակցությունը չեն տեսնում որպես Հայաստանի անկախությանը սպառնացող վտանգ։ Մենք նաև գտնում ենք, որ չենք խանգարելու մեկս մյուսին, մեր թիրախը լինելու է գործող իշխանությունը իր բերած Սահմանադրությամբ։

«Ազատություն».- Ձեր կարծիքով, ո՞րն է այս սահմանադրական բարեփոխումների իրական դրդապատճառը։

Սարգսյան.- Ինչո՞ւ են իշխանությունները դա անում. այստեղ կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են առանձին-առանձին գոյություն ունենալ, և կարող է այդ բոլոր հանգամանքների համատեղումը լինել։ Նախ ժամանակին կար «հրաշալի քառյակը»։ Իշխանությունը մտածեց ոնց տարանջատի այդ «հրաշալի քառյակը», առավել ևս, որ բոլորը պահանջում էին համակարգային փոփոխություններ։ Որոշեցին գտնել համակարգային փոփոխությունների իրավական տարբերակ։ Իսկ այդ քառյակում գաղափարական, մոտեցումների ու ծրագրերի առումով լուրջ տարբերություն կար, որովհետև ՀԱԿ-ը կիսանախագահականի կողմնակից է, Դաշնակցությունը՝ խորհրդարանականի, նույնը՝ «Ժառանգությունը», որոշեցին սա որպես կռվան դնել ներքին քաղաքական խնդիրը լուծելու, ինչն էլ իրենց մոտ տեսականորեն հաջողվեց։ Երկրորդ տարբերակը՝ ես կարծում եմ, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի իշխանությունը քաղաքականությունը տեղափոխեցին փողի դաշտ։ Եկավ մի պահ, որ իրենք հասկացան՝ փողի դաշտում շատ փող ունեցողներ շատ-շատ կան, և այդտեղ տանուլ տալու իրենց հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Գագիկ Ծառուկյանը չէ, Արա Աբրահամյանն է, վաղը չգիտեմ ով կհայտնվի։ Եվ այս առումով հայտնվում են մարդիկ, ովքեր փող ունեն, Սերժ Սարգսյանը գնում է, իրենք այդ փողով ամեն ինչ գնում են։ Սերժ Սարգսյանը հստակ հասկացավ դա և որոշեց այս փոփոխությունները բերել դրան, որ փող ունեցող մարդիկ չկարողանան իրենից հետո գալ իշխանության։

«Ազատություն».- Այսինքն վերացնե՞լ նախագահի պաշտոնը, որպեսզի չկարողանան իրենից հետո գալ իշխանության։

Սարգսյան.- Այո, ըստ էության, ցանկացած փող ունեցող մարդ, եթե այսօր գալիս է մտնելու Հայաստանի քաղաքական դաշտ, պիտի մտնի որևէ կուսակցություն։ Եղած քաղաքական կուսակցություններից որո՞վ կարող է մտնել։ Այստեղ հնարավորությունները շատ չեն։ Այս առումով ապահովագրված է Սերժ Սարգսյանի կամ Հանրապետականի առաջիկա մի քսան տարվա գործունեությունը։

«Ազատություն».- Պարոն Սարգսյան, Դուք ինչ-որ պայքարի ճանապարհ տեսնո՞ւմ եք, որը կարող է կանխել իշխող Հանրապետականի վերարտադրությունը, ինչին ուղղված է լինելու «Ոչ»-ի ճակատի շարժումը։

Սարգսյան.- «Ոչ» ասող քաղաքական ուժերի համար մեկ խնդիրը պիտի լինի այն, որ հասարակությանը բացատրեն այս գործընթացի կարևորությունը, այդ գործընթացում հասարակության յուրաքանչյուր անդամի ակտիվ մասնակցությունը, որը պիտի դրսևորվի նրա՝ հանրաքվեին մասնակցությամբ և «ոչ» ասելով։ Մարդը պիտի հասկանա, որ իր «ոչ»-ից բան է կախված։

«Ազատություն».- Ի՞նչ է կախված։

Սարգսյան.- Այս Սահմանադրության անցնելով՝ գործող իշխանությունը երկարաձգելու իր կեղծ հաղթանակները, կոռուպցիան, շարունակվելու է արտագաղթը, հասարակությունը սոցիալապես ապահով չի լինելու։ Այսինքն սոցիալական, քաղաքական, տնտեսական վատ իրավիճակները շարունակվելու են։ Այսինքն սա փոփոխություն չէ դեպի լավը, ընդհակառակը՝ այն, ինչ առաջարկվում է, իրականում գործող վարչախմբի իշխանության ամրապնդում է, հետևաբար մասնակցությունը և գործող իշխանություններին «ոչ» ասելը Հայաստանի ապագայով մտահոգ ցանկացած մարդու համար մեկ խնդիրն է։

XS
SM
MD
LG