ԱԺ 6 խմբակցություններից 2-ը սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ կքվեարկեն

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց Սերժ Սարգսյանի աշխատանքի հարցը սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումից հետո քննարկել։

Ազգային ժողովի վեց խմբակցություններից երկուսը՝ «Ժառանգությունը» և ՀԱԿ-ն են սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ քվեարկելու: Իշխող Հանրապետականին «այո»-ի հարցում աջակցեց ՀՅԴ-ն, նրանց միացավ նաև խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը»։

Պատգամավոր Միքայել Մելքումյանը պարզաբանեց՝ իրենք նախկինում ոչ թե դեմ էին բարեփոխումներին, այլ պարզապես կարծում էին, որ ժամանակը չէ․ - «Հանրապետության նախագահի հետ կոնսուլտացիաների ժամանակ ես ասել եմ՝ ընդդիմադիր գործիչներից շատերը կարծում են, որ եթե հիմա «այո» ասեն, իրենց ռեյտինգը գահավիժելու է: Ավելին՝ ասում են այս քաղաքական գործիչը վերջնական կփչանա: Ո՛չ, հենց քաղաքական գործչի վարկանիշի ամրությունը կայանում է նրանում, որ երբ դու համոզված բան ես ասում, կարողանաս դա մինչև վերջ տանես»։

Խորհրդարանական 6-րդ խմբակցությունը՝ ՕԵԿ-ը, դեռ դիրքորոշում չի հայտնում, սպասելով, թե ինչպես իշխանությունը կարձագանքի իրենց առաջարկներին։

Արդեն 4-րդ օրը խորհրդարանում քննարկվող փաստաթուղթը այսօր էլ վեճերի և փոխադարձ մեղադրանքների առիթ դարձավ։ Ընդդիմադիրների երեկվա սուր խոսքերից հետո այսօր հանրապետականները նախապես պատրաստված էին ամբիոնին մոտենում։ Սահմանադրական բարեփոխումները Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիր համարող ընդդիմադիրների հայտարարությունները պոպուլիզմ որակեցին։

Հանրապետական Մարգարիտ Եսայանն էլ ընդդիմադիրներին ասաց, որ դպրոցում մարդու անատոմիան լավ չեն սովորել, այդ պատճառով էլ չգիտեն վերարտադրության համար ինչ գործիքներ են հարկավոր․ - «Մի՛ աղավաղեք ո՛չ ձեր, ո՛չ ուրիշների կյանքը: Աբիժնիկությունը, ասում եմ ձեզ, լավ բան չէ: Վնաս է առողջության համար: Եվ բարեկամաբար եմ ասում»:

Հանրապետականներին չզիջելով՝ ընդդիմադիրներին քննադատեցին նաև ընդդիմադիր Դաշնակցության ներկայացուցիչները։ Հայ ազգային կոնգրեսում, սակայն, անդրդվելի էին։ Լևոն Զուրաբյանը նախ Դաշնակցությանը հիշեցրեց, որ Առաջին հանրապետությունն են կործանել, հետո անցավ հանրապետականներին․ - «Ես այսօր շատ ավելի առողջ առաջարկ ունեմ ձեզ համար, որը նաև անմիջապես կբարելավի ամբողջ երկրի առողջությունը: Առաջարկում եմ ձեզ, հանուն ժողովրդավարության, Սահմանադրությունը փոխելու փոխարեն ամբողջ կազմով, Սերժ Սարգսյանի հետ միասին, հրաժարական տալ՝ միանգամից բացելով Հայաստանի համար դուռը դեպի ժողովրդավարություն և զարգացում»:

Զուրաբյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի ծրագրերին տեղյակ է, բարեփոխումներից հետո նա ցանկանում է Ազգային ժողովի նախագահ դառնալ։ Գալուստ Սահակյանը այս հայտարարությունը անարձագանք չթողեց․ - «Ըստ էության, այսքան կռիվը, ըստ ՀԱԿ-ի, իմ պաշտոնի համա՞ր էր»:

Հանրապետականները կանխատեսումներ անելու համար ընդդիմադիրներին սուրճի բաժակ նայողներ անվանեցին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց Սերժ Սարգսյանի աշխատանքի հարցը սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումից հետո քննարկել։

«Մենք կողմ ենք «ոչ»-ի գաղափարին: Այո՛, մենք «ոչ» ենք ասում պոպուլիզմին, մենք «ոչ» ենք ասում քաղաքացիական հասարակության ներուժն անհիմն ու ժամանակավրեպ ակցիաներով վատնողներին, մենք «ոչ» ենք ասում որոշ քաղաքական ուժերի, անհատների, անհետացող ու պահ առ պահ վերակենդանացող քաղաքական գործիչների կողմից ժողովրդի զգացմունքների վրա խաղալու գործելակերպին և հանուն սեփական քաղաքական գոյությունը երկարաձգելու քաղաքական թատերախաղով զբաղվելուն», - իր ելույթում, մասնավորապես, ասաց Գալուստ Սահակյանը:

Ընդդիմադիրներին քննադատելու առիթը բաց չթողեց նաև դահլիճի ամենաբարձրաստիճան հանրապետական կինը՝ Հերմինե Նաղդալյանը․ - «Ձեր ուզած փոփոխությունը միակն է, որ դուք իշխանություն լինեք: Իսկ ի՞նչ է փոխվելու դրանից Հայաստանի քաղաքացու համար՝ դա ասեք: Ոչ թե անվերջ կրկնեք, թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ուզում են վերարտադրվել, իսկ մենք չենք թողնի: ՀՀԿ-ն ոչ թե վերարտադրվում է, այլ շարունակում է իր գործունեությունը»:

Մի քանի րոպե անց հանրապետականներին պատասխանելու եկավ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, ով նախ շնորհավորեց հանրապետականներին բովանդակային քննարկումը հաջողությամբ կազմակերպելու համար՝ արձանագրելով, որ դահլիճում ընդամենը 12 հանրապետական կա, հետո էլ ամբիոնը օգտագործեց հանրությանը դիմելու համար․ - «Այս, ինչ որ տեղի է ունենում այս խորհրդարանի պատերի ներքո, սա ուղղակի Սերժ Սարգսյանի համար բեմադրություն է: Հարգելի և սիրելի հայրենակիցներ, մեր տեղը այսօր լինելու է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքները և փողոցները, համախմբման միջոցով, բոլորիս ուժերի միջոցով: Մենք պարալիզացնելու ենք այս ապօրինի իշխանության գործունեությունը»:

«Ժառանգությունից» Թևան Պողոսյանն էլ փաստեց, որ այսօր սահմանադրական բարեփոխումները լայնորեն գովազդող Հանրապետական կուսակցությունը 2012-ի նախընտրական ծրագրում այս մտադրության մասին գեթ մեկ բառ չի նշել։